Լուրեր
նորություններ/news

Սոչիի հայերը դիմել են Պետդումային՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենք ընդունելու կոչով

Սոչիի հայերը դիմել են Պետդումային՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենք ընդունելու կոչով

«Ցեղասպանությունը պատմական երեւույթ չէ, որի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ցեղասպանությունը հանցագործություն է, որին պետք է հաջորդի պատիժը, իսկ դրա չիրագործման դեպքում` դատապարտումը, որի նպատակներից մեկը ապագայում նման հանցագործությունից խուսափելն է: Ինչպես գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիզելը, ցեղասպանությունը ժխտելը հավասարազոր է զոհերին երկրորդ անգամ սպանելուն»:

Սոչիի հայերի միության նախագահ Վալերի Թորոսյանը կարդում է Ռուսաստանի Պետդումա ուղղված կոչի տեքստից մի հատված: Այն խորհրդարան է ուղարկվել օրերս: Նման մի նամակ էլ փոխանցվել է Սոչիի քաղաքային խորհուրդ: Դրանցում Սոչիի հայերը պատգամավորներին կոչ են անում` հետեւել ֆրանսիացի գործընկերների օրինակին եւ Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել: Այս նպատակով կազմակերպվել է նաեւ ստորագրահավաք:

«Այստեղ ստորագրողների հասցեներն են եւ անձնագրի տվյալները: Այսպես ստորագրահավաք կազմակերպելը հեշտ չէ, իհարկե, բայց Կրասնոդար քաղաքում մի քանի օրերի ընթացքում հավաքվել է արդեն 5000 ստորագրություն, որոնք, կարծում եմ, կունենան իրենց նշանակությունը»,- ասաց «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը։

Առաջարկվում է ստորագրահավաք կազմակերպել նաեւ Ռուսաստանի Դաշնության մյուս շրջաններում: Սոչիի հայերի միությունն աջակցության կոչ է արել նաեւ հայկական կազմակերպություններին եւ Ռուսաստանում գործող հայկական լրատվամիջոցներին: Միության անդամները կարծում են, որ եկել է համառուսական մակարդակով այնպիսի կառույցի ստեղծման ժամանակը, որը կզբաղվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների համակարգմամբ:

«Համոզված ենք, որ Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության եւ Երկրորդ աշխարհամարտում նացիստների իրականացրած ոճրագործությունների քրեականացումը կնպաստի ռուսական հանրության մեջ արդարության եւ մարդասիրության սկզբունքների ամրապնդմանը»,- ասաց Սոչիի հայերի միության նախագահ Վալերի Թորոսյանը:

Պատգամավորներին ուղղարկված կոչում հիշեցվում է նաեւ, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական գերտերությունները դեռեւս 1915-ին Թուրքիայի գործողությունները որակեցին իբրեւ «մարդկության դեմ գործած ոճիր», իսկ մեր օրերում արդեն Պետդուման երկու անգամ (1995 եւ 2005թթ.) 1915-1922թթ. իրադարձությունները Ցեղասպանություն որակող ամրագրումներ ընդունեց: Սոչիի հայերի միությունը հույս ունի, որ Ռուսաստանը կլինի նաեւ առաջին երկրներից մեկը, որը կընդունի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

http://www.yerkirmedia.am