Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներում Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը կարելի է դիտարկել իբրեւ բեկումնային հանգրվան: Որոշման հանգելու դրդապատճառները եւ շարժառիթները տարատեսակ են: Այդ բոլորին տակավին կանդրադառնան ինչպես միջազգային եւ ֆրանսիական լրատվադաշտը, այնպես նաեւ հայկական զանգվածային լրատվամիջոցները: Օրինագծի որդեգրման անմիջականությունը նկատի ունենալով` այս հանգրվանում ավելի քան ընկալելի են հասարակական հարթության վրա տիրող ներկայության զգացականությունը, հաղթողի դրսեւորումները եւ բուռն երախտագիտությունը: Դեռ կկայանան իրադրության քաղաքական բանականությամբ մեկնաբանությունները:
Հայկական կողմի զուգընթաց աշխատանքներն ու արձագանգները (գնահատական, ողջույնի, արդար ակնկալություններ) շեշտում են համահայկական կարեւոր թղթածրարի նկատմամբ պետական-հասարակական կամ հայրենիք-սփյուռք կեցվածքների համատեղելիությունն ու ներդաշնակությունը: Կարեւոր այս թղթածրարի շրջադարձային ներկա հանգրվանում, փաստորեն, արգելակված է նաեւ ծայրահեղ սփյուռքը չափավորական Հայաստանին հակադրելու թուրքական խաղը: Այստեղ կեցվածքների, դիրքորոշումների եւ պահանջների տարբերություններ չկան: Միեւնույն պահանջով եւ արձագանքներով են հանդես գալիս թե՛ պաշտոնական Երեւանը եւ թե՛ սփուռքյան կազմակերպությունները:
Մինչ հայկական կողմը դիրքորոշումների տրամաբանական ներդաշնակություն է դրսեւորում, թուրքական կողմը նույնիսկ պետական մակարդակով վայրիվերումներով հատկանշվող հակասական կեցվածքներով է հանդես գալիս:
Չկենտրոնանանք վարչապետ Էրդողանի այլեւս Ֆրանսիա չայցելելու խոստմանը կամ Փարիզում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանի մակարդակից հավատարմատարի աստիճան իջեցնելու հայտարարության վրա: Նման սպառնալիքների շարքը կարելի է շարունակել:
Վարչապետ Էրդողանը, մեծ հետքայլ անելուց հետո, ժխտողականության նոր տարբերակի մի գլուխգործոց է ցուցադրում համայն աշխարհին:
Այսպես. սպառնալիքների վճռական շեշտեր տալուց հետո, Էրդողանը քաղաքական պարանաձգության կանգառ (թայմ աութ) է հայտարարում, երբ իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հաստատում էր. «Մենք սպասում ենք` տեսնելու, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա ամիսներին, ապա կձեռնարկենք մեր պատասխան քայլերը: Առկա տագնապը չպետք է վերածվի լայնածիր տարողությամբ խնդրի»:
Նման ետքայլը, լարվածությունը գագաթնակետին հասցնելուց հետո, վայրիվերումից ավելի կտրուկ զառիթափով կարելի է մեկնաբանել միայն: Եթե առաջադրվածը լայնածիր տարողությամբ խնդրից խուսափում է, ապա նշանակում է, որ հակազդեցության կարգով առնվելիք քայլերի սպառնագիրը պարզապես օդ արձակված կրակոց է: Քաղաքական գործնական տրամաբանությամբ պետք է ընկալել վարչապետ Էրդողանի արձանագրած կանգառը:
Գլուխ-գործոցը սակայն հետեւյալ հայտարարությունն է. վարչապետ Էրդողանը միեւնույն նիստում, հայտնելով, թե ինքը կարեւոր չի համարում Ֆրանսիայի ո՛չ Ազգային ժողովի եւ ո՛չ էլ Սենատի կողմից ընդունված որոշումները, հաստատել է. «Թուրքիայի համար օրինագիծը գոյություն չունի»:
Պարզ ու հստակ. ինչպես որ Հայոց ցեղասպանություն գոյություն չունի, հիմա էլ ֆրանսիական օրինագիծ գոյություն չունի: Այս մեկը ամենից աղաղակող փաստն է, որ Թուրքիան իր ժխտողական քաղաքականության հարցում շատ հետեւողական է, և այս պարագայում միայն հայերին չի վերաբերվում: Ժխտումների այս կուտակումը ի վերջո կարող է հանգեցնել ինքնախաբեության տարածքի, որտեղ Թուրքիան ինքնամեկուսացված կարգավիճակով կարող է հաջորդաբար ժխտել ու ժխտել անընդմեջ բոլոր այն երեւույթները, որոնք դատապարտելի են 301 հոդվածով:
Եվրոպան պետք է նախապատրաստվի քրեականացնելու այն բոլոր հրապարակումները, որոնք ժխտում են եվրոպական երկիրների դեմ որդեգրած օրենքների գոյությունը…
Շահան Գանտահարեան, «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր