Լուրեր
նորություններ/news

Թուրքերն ու ադրբեջանցիները մատնվել են խուճապի, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախը

Թուրքերն ու ադրբեջանցիները մատնվել են խուճապի, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում և Ադրբեջանում:

Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական Հուրիեյեթ թերթի «խորաթափանց» լրագրող Ուղուր Էրգանի «սուր» աչքը: Նա կարճ ժամանակում Տուվալուին հանեց անհայտությունից` դարձնելով այն ամենաշատ քննարկվող երկիրը թուրքերի և ադրբենջանցիների շրջանակներում: Էրգանը մեջբերեց անանուն թուրք պաշտոնատարներին` նշելով, որ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ և տոննայով փող է խոստացել Տուվալուին, որպեսզի նա լինի Արցախը ճանաչող առաջին պետությունը:

Այնուհետև, Էրգանը բացատրում է, որ Անկարային «անհանգստացնում է» այն կասկածը, որ Տուվալուի կողմից Արցախի ճանաչման համար Հայաստանը կանի այն, ինչ թուրք պաշտոնատարներն արել են տասնամյակներ շարունակ` ստանալ քաղաքական շահեր դրամական նվերների դիմաց: Նրանք վերագրում են իրենց առօրյա գործելակերպը ուրիշներին: Ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրանք տեսնում են ուրիշների աչքերի փուշը, սակայն չեն տեսնում իրենց աչքերի գերանը:

Ադրբեջանցի պաշտոնատարներն էլ ավելի անհանգստացած էին` ենթադրելով, որ Տուվալուն արդեն շուտով կճանաչի Արցախը: Իշխող «ՆորԱդրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալայևայի հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը «ճանաչելու որևէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի, փոքր գումարի դիմաց»:

Միրզազադեն լավ է հասկանում կաշառքով ձայներ գնելու գործելակերպը: Միջազգային մամուլով հայտարարվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործի է դրել երկրի վիթխարի նավթային դոլարները վերջին տարում` առատաձեռն ֆինանսական միջոցներ տրամադրելով աղքատ երկրներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամակցության համար քվեների դիմաց:

Ադրբեջանը հետևում է իր ավագ եղբայր Թուրքիայի` ՄԱԿ-ում ձայներ գնելու քայլերին: Գարեթ Ջենքինսը «Eurasian Daily Monitor»-ում ասաց, որ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլ է հրավիրել Տուվալուի, Տոնգայի, Նաուրուի, Վանուատուի, Սողոմոն կղզիների, Մարշալ կղզիների, Կուկ կղզիների, Պապուա Նոր Գվինեայի, Պալաույի, Ֆիջիի, Միկրոնեզիայի և Սամոայի ղեկավարներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուքիայի անդամակցության համար ձայներ ապահովելու համար: Մի զարմացեք, եթե երբևիցե չեք լսել Խաղաղ օվկիանոսյան այս կղզիների անունները: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները անկեղծ խոստովանեց. «Ես նախկինում երբևէ չեմ լսել դրանցից մի քանիսի անունները, սակայն նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք ՄԱԿ-ում»: Թուրքիայի ծրագիրը հաջողվեց: 2008 թվականին Թուրքիան ստացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր աթոռը` առաջարկելով միլիոնավոր դոլարներ աշխարհի չորս անկյուններում սփռված անհայտ տասնյակ երկրներին:

Հուրիյեթ թերթի ավելի անկեղծ մեկնաբան Յիլմազ Օզդիլը համարձակորեն հակադարձեց Էրգանի զեկույցին` հաստատելով, որ Թուրքիան առաջինն էր, ով «կաշառքներ» է առաջարկել Տուվալուին և այլոց: Օզդիլը բացահայտեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընտրվելու համար Թուրքիան տվել է հետևյալ միջնորդավճարները`

— Անգոլային, Եթովպիային, Գամբիային, Սուդանին և Կոմորոսին դեղորայք,

— Զիմբաբվեում առևտրի կենտրոն,

— Մավրիտանիային ախոռներ,

— Նիգերիային խմելու ջրի ցանց,

— Եթովպիայում ջրամբարներ,

— Գանային գրենական պիտույքներ,

— Սուդանին դաշտային հիվանդանոց,

— Մոզամբիկին և Մավրիտանիային անասնապահական տեխնոլոգիա,

— Բենինում էլեկտրական ցանց,

— Գամբիային ձուլարաններ,

— Էրիտրեային, Տոգոյին և Լեսոտոյին և Ուգանդային վերապատրաստման դպրոցներ,

— Գվինեայում ոստիկանության վերապատրաստում,

— Մալիին պատվաստանյութեր,

— Տանզանիային և Չադին մարդասիրական աջակցություն,

— Կոնգոյին դպրոց,

— Լիբերային և Սիերա Լեոնեին կոյուղու համակարգ,

— Պալաուին VIP միկրոավտոբուսներ,

— Անտիգուային համակարգիչներ,

— Սուրբ Վինսենտի և Գրենադիների վարչապետին աղուհացով դիմավորում, նրա գրպանները նվերներով լցնելը, և նրան մասնավոր ուղղաթիռի տրամադրում Իզմիր թռչելու համար,

— Տուվալուին ֆուտբոլի գնդակների և պոմպերի նվիրաբերում:

Մեկ այլ թուրք մեկնաբան Դենիզ Զեյրեկը «Ռադիկալ» թերթում գրեց մի զավեշտալի հոդված` «Տուվալու, ետ տուր մեր ֆուտբոլի գնդակները» վերնագրով: ՄԱԿ-ում ձայներ գնելու նպատակով, Զեյրեկը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցրել է այդ ժամանակ իր երկրում հյուրընկալված Տուվալուի վարչապետին, թե արդյոք նրա երկիրը որևէ բանի կարիք ունի: Տուվալուի պաշտոնատարներն ապշեցուցիչ պահանջ ներկայացրեցին: Ասացին, որ իրենց երեխաները սիրում են ֆուտբոլ խաղալ, սակայն գնդակ չունեն: Թուրքիան անմիջապես Տուվալու ուղարկեց հարյուրավոր ֆուտբոլի գնդակներ պոմպերի հետ միասին: Ապա, Տուվալուն կատարեց Թուրքիայի պահանջը` սատարելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուրքիայի թեկնածությանը:

Զեյրեկն ավարտեց իր հոդվածը հետևյալ ծաղրական հարցով. «Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը»:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան