Լուրեր
նորություններ/news

Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն

Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Զմմառի Պատրիարքական Միաբանության Պատրիարքական փոխանորդ, Զմմառի միաբան Հայր Գաբրիել վրդ Մուրադյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Հայր Ռաֆայել արք. Մինասյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու մամլո խոսնակ Հայր Սեպուհ վրդ. Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը կարևորեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում Հայ Կաթողիկե եկեղեցու ծանրակշիռ դերը և բարձր գնահատեց Զմմառի Միաբանության դերակատարությունը հայ մշակույթի պահպանման գործում:

Զմմառի Միաբանության հանրահռչակման նպատակով, տիկին Հակոբյանն առաջարկեց Սփյուռքի նախարարության միջոցներով պատվիրել Զմմառի Միաբանությանը նվիրված հաղորդում և 2013 թ. մայիս ամսին Զմմառում կազմակերպել «Զմմառը հայ իրականության մեջ» թեմայով համաժողով:

Այնուհետև քննարկվեցին Հայ գրքի տպագրության 500-ամյակի շրջանակներում, հոկտեմբերի 20-ին Զմմառի Միաբանությունում կազմակերպվող ցուցահանդեսի նախապատրաստական հարցերը: Ցուցահանդեսը տեղի է ունենալու ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո: Զմմառի Մատենադարանի վերաբացումը և ցուցահանդեսի կազմակերպումը ևս մեկ առիթ է վերաարժևորելու, հանրահռչակելու Զմմառի Մատենադարանի, Մշակույթի կենտրոնի, 270 — ամյա Զմմառի ազգային ժառանգությունը:

<

Այնուհետև Հայր Գաբրիել վրդ Մուրադյանը ներկայացրեց Զմմառի Պատրիարքական Միաբանության ծրագրերը:

Քննարկվեցին Հայաստանում Մշակույթի կենտրոն հիմնելու վերաբերյալ հարցեր: Հյուրերը ներկայացրեցին իրենց մոտեցումներն այս խնդրի առնչությամբ. Կենտրոնում կներկայացվեն, կմեկտեղվեն Սփյուռքում պահպանված հայության ողջ մշակութային արժեքների պատճեններն ու մանրակերտերը: Կենտրոնը կդառնա անդրադարձը` Սփյուռքում պահպանված հայկական մշակութային արժեքների, որով կապահովվի և´ Զմմառի, և´ Սուրբ Ղազարի և´ Վիեննայի Մխիթարյան Միաբանության և´ շատ ուրիշ հոգևոր կենտրոնների ազգային հարստությունների ներկայությունը Հայրենիքում: