Լուրեր
նորություններ/news

Բագրատ Մաիլյան. Ապագաս... եթե Հայաստանում, ապա՝ ո՛չ մասնագիտությամբ, իսկ եթե մասնագիտությամբ, ապա՝ ո՛չ Հայաստանում

Բագրատ Մաիլյան. Ապագաս... եթե Հայաստանում, ապա՝ ո՛չ մասնագիտությամբ, իսկ եթե մասնագիտությամբ, ապա՝ ո՛չ Հայաստանում

Բագրատ Մաիլյանն աշխատում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում (Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), զբաղվում է տիեզերական Ճառագայթների ֆիզիկայով։ Տպագրել է մի շարք հոդվածներ՝ հիմնականում 2-3 համահեղինակներով (սեփական ներդրումը աշխատանքներում գնահատում է երեսունից վաթսուն տոկոս), որոնց արձագանքները, հատկապես  ամպրոպային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ, եղել են շատ դրական: Աշխատանքները ներկայացրել է մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից առանձնապես կարևորում է Ամերիկայի Երկրաֆիզիկական միության հանդիպումը, որի ընթացքում հնարավորություն է ունեցել զրուցել և գիտական բուռն քննարկումներ ունենալ ոլորտի առաջատար գիտնականների հետ:

Չնայած որ խումբը, որում նա աշխատում է, ներգրավված է նեյտրոնային մոնիտորների եվրոպական ցանցի մեջ, սակայն ինտեգրվածությունը միջազգային գիտական հանրությանը բավարար չի համարում: Այնուհանդերձ, կրթաթոշակային տարբեր ծրագրերի շնորհիվ (fellowship) այցելել է արտասահմանյան գործընկերների լաբորատորիաները, մասնակցել նրանց կողմից կատարվող աշխատանքներին. «Այդպիսի շփումները երիտասարդ գիտնականի համար շատ կարևոր են»: Համագործակցությունը հայաստանյան գիտական խմբերի հետ համարում է բավարար. «Շատ ավելի լավ է, քան Ռուսաստանում, որտեղ իրար «միս են ուտում»: Կարելի է, իհարկե, ավելի սերտ համագործակցել»:

Գիտության կազմակերպման տեսակետից ամենակարևոր հարցերից մեկը համարում է հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը Հայաստանում.  «Դեռ 2 տարի առաջ, շա՛տ տարիներ առաջ պետք է արվեր, եթե սա չարվի՝ կկորցնենք բոլոր երիտասարդ գիտնականներին»: Կարևոր է համարում գիտնականի արդյունավետության գնահատման համար հստակ չափանիշների ներդրումը. «Ազդեցության գործակիցը և հղումների թիվը… երկուսն էլ կարևոր են: Կարելի է h-index-ը կիրառել, որը գիտնականի արդյունավետությունը գնահատում է` հաշվի առնելով այդ երկու չափանիշները միաժամանակ»։ Հարցրի գիտության ոլորտում կոռուպցիայի մասին.  «Միգուցե կա այդպիսի բան, բայց գիտական համակարգը հաստատ շատ ավելի քիչ է կոռումպացված քան դատական համակարգը կամ որոշ այլ համակարգեր…»: Անդրադարձանք գիտական դրամաշնորհներին և վերջերս տարբեր ոչ պետական կառույցների կողմից տրվող մրցանակներին ու զանազան խրախուսական մրցանակաբաշխություններին։

— Ես ստացել ել եմ մի քանի դրամաշնորհ։ Օրինակ, Երիտասարդ գիտնականների խրախուսման դրամաշնորհ՝ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամից՝ NFSAT ECSP – 09: Դրանք որոշ ժամանակով բարելավեցին իմ ֆինանսական վիճակը և հնարավորություն տվեցին մասնակցելու մի շարք գիտաժողվների: Ինչ վերաբերում է մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, ապա, օրինակ, նախանցյալ տարի խրախուսավճար եմ ստացել «Գ. Ծառուկյան» հիմնադրամի կողմից` ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010թ. ընթացքում տպագրված աշխատանքներիս համար։  Այս տարի դիմել եմ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի՝ ֆիզիկայի ոլորտում Գ. Ասկարյանի անվան մրցանակ ստանալու համար։ Սակայն պետք է ասեմ, որ այսպիսի բաներն իրականում բավականչափ լրջորեն չեն փոխում իրավիճակը։ Իհարկե, այդպիսի նախաձեռնությունները ողջունելի են՝ անկախ այն բանից, թե ինչն է դրդում մարդկանց սահմանել  այդպիսի մրցանակներ: Սակայն շեշտեմ՝ մրցանակները խնդրի լուծում չեն. պետք է լրջորեն մտածված պետական ծրագիր: Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած ամենահիմնական հարցերը ֆինանսականն ու հասարակության վերաբերմունքն են: Բայց ինչ-որ իմաստով երկրորդը առաջինի ածանցյալն է՝ եթե հասարակությունը տեսնի, որ գիտնականը շատ գումար  է ստանում, վերաբերմունքն էլ կարող է լավանալ: Իսկ առայժմ վիճակը լավ չէ՝ պետական աջակցությունը բավարար չէ։ Իհարկե կան որոշ դրական միտումներ, բայց փոփոխությունները դեռ էապես չեն բարելավում գիտնականի կյանքը: Երիտասարդ գիտնականը 50 թե 100 հազար ամսական աշխատավարձ ստանա՝ միևնույն է` չի կարող բնակարան ձեռք բերել կամ վարձակալել, եթե հանկարծ որոշի ամուսնանալ: Առանց պետական հոգածության՝ գիտություն չի լինում: Չեմ ասում հենց այնպես պետք է փող բաժանել, բայց պետք է շատ աշխատող մարդը վայելի աշխատածի արդյունքները: Պետք է սկսել ֆինանսավորումից՝ հույս ունենալով, որ ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի դեռ ուշ չէ:

— Իսկ ինչո՞ւ իշխանությունները չեն կարևորում գիտությունը։

— Նախ, որովհետև հասարակությունը չի կարևորում գիտությունը։ Պատճառներն այստեղ խորքային են՝ պայմանավորված մարդկանց արժեհամակարգի խեղմամբ, ինչն իր հերթին ունի իր պատճառները: Հասարակության կողմից գիտությունը չի կարևորվում, քանի որ գիտնականը այսօր երբեմն ստանում է ավելի քիչ քան մատուցողը կամ վարորդը: Էլ ինչ կարիք կա տարիներով սովորել և գլուխ ցավացնել, ավելի հեշտ ձևեր կան հասարակության մեջ բարձր տեղ զբաղեցնելու: Օրինակ, մեր կուրսի ամենալավ սովորողներից նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, շատ ավելի վատ են ապրում, քան վատ սովորող ուսանողները, որոնք զբաղվում են այժմ առևտրով: Երբ իմանում են գիտնական եմ, մարդկանց մոտ նույնիսկ խղճահարություն է առաջանում: Ավելի երիտասարդները հաճախ չեն էլ իմանում գիտնականն ինչ է: Դե դա պարտադիր էլ չէ, Կոստա-Ռիկան կամ Բուրկինա-Ֆասոն էլ են երկրներ, որոնց ևս գիտությունը նույնպես այնքան էլ պետք չէ: Կարող ենք անհոգ շարունակել ապրել և քեֆ անել 6/8 երաժշտության տակ:

— Իսկ պետք չէ՞ պայքարել, որ վերաբերմունքը փոխվի, թե՞ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը 🙂

— Գիտնականն էլ հասարակության անդամ է և միայն զուտ գիտությամբ չպետք է զբաղվի: Պե՛տք է պայքարել… է՜հ, կուզեի մեզ մոտ արտասահմանի նման լիներ, զարգացած երկրների, որտեղ արվում է ամեն ինչ՝ հողեղեն-նյութական բաներից գիտնականին զերծ պահելու համար, գիտնականի արդյունավետությունը բարձրացնելու համար:

— Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում։

— Կարճ։ 2 շաբաթանոց դասընթացների եմ մասնակցել: Կարող եմ ասել, որ զարգացած երկրներում ավելի լավ է ամեն ինչ կազմակերպված: Գիտնականները նույնն են անկախ ազգային պատկանելիությունից: Հայ գիտնականները ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Բայց նաև շատ եմ շփվել արտասահմանի ոչ-գիտնականների հետ: Նրանք հարգանքով են լցված գիտնականի հանդեպ, քանի որ ավելի լավ են հասկանում գիտնականի դերը հասարակության մեջ: Սա նաև Հայաստանում միջնակարգ կրթության որակի անկումից է: Մարդը կարող է հասարակ թվաբանություն չիմանալ և գերազանց ավարտել դպրոցը: Իսկ միջին Եվրոպացին ավելի լավ կրթություն է ստանում:

— Հիմա Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական ապագան, թե՞ արտասահմանում։

— Դեռ չգիտեմ: Իրոք, շատ եմ ուզում պատկերացնել… Երևի՝ եթե Հայաստանում, ապա՝ ո՛չ մասնագիտությամբ, իսկ եթե մասնագիտությամբ, ապա՝ ո՛չ Հայաստանում:

 

Զրույցը վարեց Մանե Հակոբյանը