Լուրեր
նորություններ/news

Հայաստանը երբեք խնդիր չի ունեցել հայկական գորգերի ազգային պատկանելության ապացուցման հետ. ՀՀ մշակույթի փոխնախարար

Հայաստանը երբեք խնդիր չի ունեցել հայկական գորգերի ազգային պատկանելության ապացուցման հետ.  ՀՀ մշակույթի փոխնախարար

Հայաստանը երբեք խնդիր չի ունեցել հայկական գորգերի ազգային պատկանելության ապացուցման հետ, հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

«Գորգագործությունը բառացիորեն անբաժանելի է մեր ազգային պատկանելությունից, և գուցե դա է պատճառը, որ մենք երբեք խնդիր չենք ունեցել մեր գորգերի ազգային պատկանելության ապացուցման հետ», – ասաց Սամուելյանը չորեքշաբթի «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովի բացման ժամանակ։

Նրա խոսքերով` հայկական գորգարվեստի վաղեմիության մասին են վկայում բազմաթիվ հնագույն գորգեր, որոնք գտնվել են աշխարհի տարբեր անկյուններում և արտացոլվել են հոլանդացի և իտալացի նկարիչների աշխատանքներում։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գորգագործության ոլորտի կարևորության մասին է վկայում հայկական գորգարվեստը ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն հանրահռչակելու մասին կառավարության որոշումը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր հերթին նշեց, որ գիտաժողովը կնպաստի հայկական գորգագործության ավանդույթների պահպանմանը վերաբերող հիմնական խնդիրների քննարկմանը։

«Երիտասարդ սերունդը պետք է գիտակցի հայկական գորգագործության ավանդույթների պահպանման կարևորությունը։ Այս կապակցությամբ երիտասարդ կադրերի մասնակցությունը գիտաժողովին կարևոր բաղադրիչ է», – ասաց Ավետիսյանն իր ողջույնի խոսքում։

Նա նաև ավելացրեց, որ միջոցառումը կնպաստի հայկական գորգագործության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանն ու ազդակ կդառնա այս ոլորտում նոր ուսումնասիրությունների անցկացման համար։ Գիտաժողովն անցկացվում է Երևանում նոյեմբերի 20–22–ը։ Այն նվիրված է հայկական գորգագործության մշակույթի ուսումնասիրության հարցերին, մասնավորապես`  Հայոց գորգարվեստի տեղին առաջավորասիական գորգագործական մշա¬կույ¬թի համակարգում, ինչպես նաև հայկական գորգագործության առանձնահատկություններին։

Գիտաժողովին մասնակցում են հայտնի փորձագետներ ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից և ԼՂՀ–ից, ինչպես նաև գորգագործությամբ զբաղվող կազմակերպություններ։

ՀՀ կառավարությունն այս տարվա հուլիսին որոշում է ընդունել հայկական գորգարվեստը ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն հանրահռչակելու մասին։ Այս կապակցությամբ հանրապետությունում և ԼՂՀ–ում անցկացվել են գորգագործությանը նվիրված մի շարք միջոցառումներ, մասնավորապես` կազմակերպվել են ցուցահանդեսներ և փառատոններ։ Մեկնարկել է նաև գորգերի վիրտուալ թանգարանի ստեղծման նախագիծը։

Հրատարակվել է նաև Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեական արևելյան գորգ» հիմնարար աշխատության հայերեն թարգմանությունը, որը ներկայացնում է հայկական մշակութատարածքում գորգազարդության արվեստի ծագումը։

Միջոցառումների շրջանակներում նախատեսված է նաև Մուշեղ և Միքայել Մարտիրոսյաններ–Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը, որը կկազմակերպվի այս տարվա նոյեմբերի–դեկտեմբերին Երևանում։

Նովոստի–Արմենիա