Ֆրանսիական Վալ-դ’Ուազ դեպարտամենտի Գոնես քաղաքում տեղի է ունեցել 20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի՝ հայերի, ասորի-խալդիների, հրեաների եւ այլոց հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Գոնեսի քաղաքապետարանի կայքը:
Բացման արարողության ժամանակ Գոնեսի փոխքաղաքապետ Ժան-Պիեռ Բլազին իր ելույթում մասնավորապես նշել է. «Այս օրը, երբ մենք Գոնեսի բոլոր բնակիչների, քաղաքային խորհրդի անունից բացում ենք 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, ես հարգանքի տուրք եմ մատուցում այն միլիոնավոր կանանց եւ միլիոնավոր տղամարդկանց, ովքեր ամբողջական խմբերով ենթարկվել են կանխամտածված, համակարգված եւ ծրագրավորված ոչնչացման միայն իրենց ծագման կամ համոզմունքի պատճառով»: Հայոց ցեղասպանության առթիվ քաղաքապետը նշել է.«Ես հարգանքի տուրք եմ մատուցում հայերին, ովքեր ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Եվրոպայի հայացքն այլ կողմում էր: Մեծ պատիվ է Ֆրանսիայի համար ճանաչել դա որպես ցեղասպանությունը»:
Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը, Գոնեսի հայ-ֆրանսիական միության նախագահ Ժան Բորզակյանը նույնպես ելույթ է ունեցել՝ ասելով. «Ես շնորհակալ եմ Գոնեսի քաղաքային խորհրդից, որը միաձայն կողմ է քվեարկել 20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի՝ հայերի, ասորի-խալդիների եւ հրեաների հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցմանը»: