Թբիլիսիում Սուրբ Նորաշեն եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. շենքից դուրս են բերվել իրեր, որոնք վերականգնողական աշխատանքներից կարող են վնասվածք ստանալ: Հայկական մյուս եկեղեցիների առնչությամբ նորություն չկա եւ վերականգնման աշխատանքները ձգձվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ կան օբյեկտիվ պատճառներ: Օրինակ, որոշակի դժվարություններ է ստեղծում այն, որ Մուղնու բակում բնակվում են մասնավոր անձինք, իսկ Սուրբ Նշանի պատին հարում է մի բնակելի տան պատ: «Սակայն հիմնական խնդիրը հասարակության մի զգալի հատվածի և վրաց եկեղեցու դիրքորոշումն է, ինչը, թերևս, հարցի լուծման ճանապարհին հիմնական, առաջնային խոչընդոտն է: Վրացական նոր իշխանությունների քայլերն ապացուցում են, որ նրանք ըմբռնումով են մոտենում մեր այդ իղձերին… Շատ ավելի բծախնդիր մոտեցում է դրսևորում Վրաստանի պատրիարքարանը»,- ասաց դեսպանը` հավելելով, որ խնդրի լուծման ճանապարհին հայկական կողմի միակ զինակիցը պետք է դառնա երկխոսությունը: «Այստեղ, դեռ աշխատանք կա անելու, ընդ որում` ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլև մեր եկեղեցիների բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից»:
Դեսպանն առաջարկում է արժանվույնս գնահատել Վրաստանի կառավարության ջանքերը նաեւ հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու ուղղությամբ։ Նրա խոսքերով` Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ երկրի կառավարությունը միտված է լրջորեն զբաղվելու պաշտոնապես գրանցված կրոնական համայնքների հարցերով: Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրությամբ ներմուծվել են փոփոխություններ այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ««Մուղնու», «Սուրբ Մինաս» և «Սուրբ Նշան» եկեղեցիներին կից մասնավոր սեփականության մեջ գտնվող անշարժ գույքի հետ կապված հարցերի ուսումնասիրության միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին» կարգադրության մեջ: Այժմ այդ հանձնաժողովը օժտվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այլ լիազորություններով, որոնք թույլ կտան գործնական որոշումներ կայացնել:
«Չեմ ուզում կանխորոշել կամ կանխատեսել իրադարձությունները, սակայն կառավարության այդ որոշումները որոշակի հույս ներշնչում են վրացական կողմի պատրաստակամության վերաբերյալ՝ հասնելու հարցի վերջնական լուծմանը: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դա շատ բարդ հարց է։ Այն չի վերաբերում զուտ մի քանի եկեղեցիների վերադարձման խնդրին, այլ ավելի խորքային է, ունի պատմական պատճառներ, առնչվում է մեր հարաբերությունների, այդ թվում` նաև միջեկեղեցական հարաբերությունների խորքային շերտերին»,- ասաց դեսպանը:
Հովհաննես Մանուկյանի խոսքերով` խնդրի առկայությունը չպետք է խանգարի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, չպետք է երրորդ ուժերին հնարավորություն տրամադրվի հարցը դարձնել ժողովուրդների միջև լարվածություն ստեղծելու գործիք: «Այս դեպքում հարցը կախված է միայն ժամանակից և ողջամիտ փոխզիջումներից… Իսկ դրանց արդյունավետ լուծմանը կարելի է հասնել հիմնարար ճանապարհով` բարելավելով և խորացնելով հարաբերությունները մեր ժողովուրդների, պետությունների և եկեղեցիների միջև»,-նկատեց Մանուկյանը:
Նախորդ տարի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Էջմիածնում եկեղեցիների վերականգնման վերաբերյալ հայտարարությունից հետո գործեց աշխատանքային խումբ, որի առաջ խնդիրներ էր դրված՝ կոնսերվացնել եկեղեցիներն ու ծրագրել վերականգնման աշխատանքները։ Այդ խմբի կազմի մեջ ընդգրկվեցին Վրաստանի մշակույթի նախարարության, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և ՀԱԵ Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ: Ավելի ուշ Վրաստանի մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան տեղեկացրեց, որ Թբիլիսիի այն հինգ եկեղեցիներից, որոնց հավակնում է Վիրահայոց թեմը, երեքի համար արդեն մշակվել են վերականգնման նախագծեր:
ARMENPRESS.am