Լուրեր
նորություններ/news

Մոսկվայի Նեկրասովի անվան գրադարանում ցուցադրվել են ֆոնդերում պահվող հայ գրականության հրատարակություններ

Մոսկվայի Նեկրասովի անվան գրադարանում ցուցադրվել են ֆոնդերում պահվող հայ գրականության հրատարակություններ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում գրադարանում կազմակերպվել է ցուցադրություն, որում ներկայացվել են գրադարանի ֆոնդերում պահպանվող հայերեն գրականության մի շարք հրատարակություններ, այդ թվում՝ գրքեր, ամսագրեր, ինչպես նաև որոշ փաստաթղթեր:

Գրադարանի գլխավոր տնօրենի միջազգային գծով տեղակալ Ռաիսա Սամսոնովան, ջերմորեն ողջունելով հյուրերին և ուղեկցելով գրադարանի սրահներով, նշել է, որ գրադարանի ֆոնդերում պահվող հայերեն գրականության զգալի մասը արժեքավոր է ու բացառիկ:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման համար, ընդգծել է, որ նման հավաքածուի առկայությունը ռուսական գրադարանում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայկական արժեքների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ամենախոսուն գնահատականն է: Կազմակերպված ցուցադրության շրջանակում առանձին ներկայացվել է նաև հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչների ալբոմների ցուցահանդեսը:

 

ARMENPRESS.am