Լոնդոնում ՀՀ դեսպանության կողմից, Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլի հովանավորությամբ, ՄԹ Համայնքների պալատի Չերչիլ սրահում« դեկտեմբերի 4-ին, կազմակերպվել է հայկական «Արարատ» կոնյակի համտեսում։ Միջոցառմանը ներկա էին ՄԹ լորդերի եւ համայնքների պալատների տասնյակ անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, բրիտանահայ համայնքային կառույցների եւ երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
Միջոցառման կազմակերպմանը սատարել են նաեւ «Թեքեյան» մշակութային միության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ «Նոր Սերունդ» մշակութային միության բրիտանական կառույցները եւ ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ Vinorium ընկերությունը։
Միջոցառումը բացել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։ Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը ներկայացրել է դրվագներ հայկական կոնյակի պատմությունից՝ բացահայտելով, թե ինչպես կարող են հայ գործարարները, օգտագործելով արեւմտյան տեխնոլոգիաներ, հաջողության հասնել Հայաստանում։ Այնուհետեւ հյուրերին ողջունել է Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ, Համայնքների պալատի մշակույթի, մեդիայի եւ Սպորտի հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը, ով կարեւորել է նման միջոցառումների անցկացումը։