Լուրեր
նորություններ/news

Ռուսաստանի Հայերի միություն. Վլադիմիր Ժիրինովսկու նախաձեռնությունը Ռուսաստանը միջնադար կտանի

Ռուսաստանի Հայերի միություն. Վլադիմիր Ժիրինովսկու նախաձեռնությունը Ռուսաստանը միջնադար կտանի

Եթե ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝   միգրանտների դրամական փոխանցումները հարկելու վերաբերյալ առաջարկն ընդունվի էլ, ապա այն չի վերաբերի Մաքսային միության եւ հետագայում էլ Եվրասիական միության կազմում ընդգրկված երկրներից գնացած միգրանտներին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկը, որը վերաբերում էր միգրանտների դրամական փոխանցումները հարկելուն, ինչպես նաեւ ծննդաբերության նպատակով Ռուսաստան մեկնածներից հարկեր գանձելուն:

Ըստ Մուքանյանի՝ նախաձեռնությունը չի վերաբերի Հայաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից գնացածներին: Ինչ վերաբերում է ծննդաբերության նպատակով Ռուսաստան մեկնածներից հարկեր գանձելուն, ապա ՌԼԴԿ-ի այս նախաձեռնությունն անհասկանալի է, քանի որ բժշկական ծառայությունները վճարովի են, եւ այսպես թե այնպես, այդ բժշկական ծառայությունը նույնպես վճարովի է: «Ռուսաստանում նույնիսկ այն ծննդկանները, որոնք պետք է օգտվեն անվճար բուժօգնությունից, վճարում են, իսկ երբ խոսքը այլ երկրներից ծննդկանների մասին է, վճարում են նաեւ հիվանդանոցներին, որոնք էլ իրենց հերթին հարկեր են վճարում պետությանը:  Ի՞նչ հավելյալ հարկերի մասին է խոսքը, անհասկանալի է, հիվանդանոցը, առողջապահության նախարարությունն առանց այդ էլ վաստակում են ծննդկաների հաշվին», — ասել է Մուքանյանը:

Նա նաեւ նշել է, որ այլ երկրում ծննդաբերելը  ընդունված նորմալ պրակտիկա է, քանի որ շատ ռուսաստանցիներ նախընտրում են ծննդաբերել, օրինակ, Փարիզում կամ Լոնդոնում: «Եթե արտասահմանցի քաղաքացիներին արգելվի օգտվել Ռուսաստանում բժշկական ծառայություններից եւ դրա դիմաց հավելյալ հարկեր պահանջվեն, բացի նրանցից, որն արդեն վճարում են, ապա դա երկիրը միջնադար կհասցնի: Հակառակը, պետք է գնահատել Ռուսաստանում բուժօգնություն եւ կրթություն ստանալու մարդկանց ցանկությունը: Այլ բան է, որ պետք է հետեւել, որպեսզի ծննդկաններն օգնություն ստանալուց հետո տուն վերադառնան»:

Լուրեր Հայաստանից — NEWS.am