Լուրեր
նորություններ/news

Տիգրան Թավադյան. Արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանով մեկ

Տիգրան Թավադյան. Արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանով մեկ

Ներկայումս արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանով մեկ, իսկ Սոչիի դեպքում՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը եւս այդ հարցում երեւի դեր է խաղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը՝ անդրադառնալով Սոչիից հայերի արտաքսման մասին տեղեկություններին:

«Սովորաբար, երբ իրավապահ մարմինները ինչ-որ անօրինական քայլ են անում, մեզ զանգահարում եւ բողոքում են, բայց ես Սոչիից տեղեկություն չեմ ստացել, որ ինչ-որ լրացուցիչ խնդիրներ են ծագել: Ովքեր չունեն գրանցում, այո, այդտեղ կան խնդիրներ, եւ, իհարկե, նրանց կարտաքսեն»,-նշել է Թավադյանը եւս մեկ անգամ կրկնելով, որ ներկայումս Սոչիում Օլիմպիադայից առաջ ինչ-որ հատուկ ռեժիմ է մտցվել: Նա նաեւ հավելել է, որ հիմնականում արտաքսում են ադրբեջանցիներին, ուզբեկներին ու տաջիկներին:

Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքի ղեկավար Հրաչ Մակեյանն, իր հերթին, հայտարարել է, որ հայերին Սոչիից արտաքսում են օրինական փաստաթղթեր չունենալու պատճառով: «Այն հայերը, որոնց փաստաթղթերը նորմալ են, նորմալ էլ ապրում են: Արտաքսման խնդիրն այն է, որ այդ մարդիկ անձնագրեր չունեն»,-նկատել է Մակեյանը՝ հավելելով, որ հայերի ուղղորդված արտաքսման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am