Լուրեր
նորություններ/news

Արգելված թեմա. Թուրք ազգայնականների լեգենդար առաջնորդն ինչ էր մտածում հայերի մասին

Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրված օրենքներ կան։ Այդ  թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։

Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր եւ լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի խոսքերը հայերի մասին։

Թուրքիայում ծնված եւ այնուհետ Ֆրանսիա տեղափոխված Սամսոն Օզարարատը, ով 1993-ին կազմակերպել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի փարիզյան հանդիպումը, տարիներ առաջ թուրքական Milliyet-ին ներկայացրել էր թե ինչեր է իմացել Թյուրքեշը հայերի մասին։  Սամսոն Օզարարատը պատմել է, թե Թյուրքեշի հետ հանդիպման ժամանակ վերջինս ասել է բաներ, որ նույնիսկ ինքը չի իմացել։

«Հայ-թուրքական հարաբերությունները չեն սկսել 1915-ին։ Դրանք ունեն 600 տարվա պատմություն։ Միասին երգեր ենք երգել, ճաշատեսակներ են ստեղծել, միմյանց աղջիկ ենք տվել ու առել։

Հայերը Մանազկերտի ճակատամարտում (1071 թ. Սելջուկները ջախջախեցին բյուզանդական բանակը-խմբ) օգնել են թյուրքերին։

Կոնստանդնուպոլիսը նվաճելու ժամանակ հայերը մեծ հերոսություններ են արել թյուրքերի համար։

Չանաքքալեի ճակատամարտում բազմաթիվ հայ սպաներ են մարտնչել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողքին։

Թուրքական ժամանակակից այբուբենը Աթաթուրքի պատվերով ստեղծել է հայ լեզվաբան Հակոբ Մարթայանը, ում հետագայում տրվել է Դիլաչար պատվանունը։

Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայ ուսուցիչ է եղել»,-ասել է Թյուրքեշը Սամսոն Օզարարատին եւ հարցրել. «Գիտե՞իր դրանց մասին»։

Սամսոն Օզարարարտը նաեւ հիշեցրել է, որ 1993-ի մարտի 12-ին, Փարիզի Crillon հյուրանոցում տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյան-Ալփարսլան Թյուրքեշ հանդիպումը։

Թյուրքեշն այդ ժամանակ հայտարարել էր, որ եթե հարաբերություններ ստեղծվի, Թուրքիան Հայաստանին կտրամադրի Թուրքիայի ցամաքային եւ ծովային ճանապարհները, կիրականացնի Տրանս-կովկասյան ավտոմայրուղին։ Ավտոմայրուղու հետ մեկտեղ պետք է ավելացվեր երկաթգիծ, գազատար ու նավթամուղ, եւ պետք է զարգանար սահմանային առեւտուրը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am