Լուրեր
նորություններ/news

Թուրքիայում քանդել են հայ ընտանիքին պատկանող տունը

Թուրքիայում քանդել են հայ ընտանիքին պատկանող տունը

Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ քանդել են Համբարձում եւ Ժանետ Սոլարբաշների Օրթաքյոյ թաղամասի Դերեբոյու պողոտայում գտնվող տունը, ինչի արդյունքում 7 անդամներից բաղկացած նրանց ընտանիքը ձմռան կեսին հայտնվել է փողոցում` անօթեւան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gercekgundem.com լրատվական կայքը:

Նշվում է, որ տունը պետությունից 1915 թ-ին գնել է Համբարձումի հայրը` Հովհաննես Սոլարբաշը, ով Հայոց ցեղասպանության տարում` 1915 թ-ին Յոզգաթից փախել էր Ստամբուլ: Հայ ընտանիքը, որը մոտ 99 տարի շարունակ վճարել է գույքի հետ կապված բոլոր հարկերը, ինչ-ինչ պատճառներով սեփականության փաստաթուղթ չուներ մինչեւ 1983 թ-ը, երբ Ստամբուլի քաղաքապետարանին 2 հազար լիրա վճարելուց հետո Համբարձում Սոլարբաշը տան սեփականության վկայագիր է ստացել:

Ստամբուլի քաղաքապետարանը անցյալ տարի որոշում է կայացրել Օրթաքյոյի այդ տարածքում 5 տներ քանդելու մասին, որոնցից 4-ն արդեն քանդել են: Համբարձումը լրագրողներին հայտնել է, որ ինքը պահանջում է, որ տարածքում կառուցվելիք բնակարաններից մեկը հատկացնեն իր ընտանիքին, այնինչ` քաղաքապետարանը առաջարկում է իրեն տեղափոխվել մի բնակարան, որի համար ինքը պետք է 74 հազար լիրա վճարի: Նա նշել է, որ իրեն պատկանող տունը քանդելու դիմաց պետությունը ոչ մի փոխհատուցում չի առաջարկել, իսկ տարածքը համարվում է Ստամբուլի թանկարժեք շրջաններից մեկը:

ARMENPRESS.am