1915թ.-ի դեկտեմբերի 7-ին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան կոմս Վոլֆ-Մետերնիխը կայսերական կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգին ուղղված նամակում գրում է. «Հայերի հետապնդման շուրջ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի տպագիր մամուլում, պետք է վերջ դնել թուրքերի հանդեպ մեր սիրահարվածությանը»: Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի առաջարկովող հրապարակային նկատողությունը կդառնա նախադեպը չունեցող գործողություն: Մեր միակ նպատակն է Թուրքիային պահել մեր կողքին մինչեւ պատերազմի ավարտը՝ անկախ նրանից, հայերը կմեռնեն դրա հետեւանքով, թե՝ ոչ»:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, Տորոնտոյում Զորյանի ինստիտուտը հայտարարել է «Հայերի ցեղասպանությունը. վկայություններ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներից. 1915-1916թթ.» գրքի անգլալեզու տարբերակի հրատարակության մասին, որը նախկինում կազմել ու խմբագրել է Վոլֆգանգ Հուստը: Գրքում առկա են հարյուրավոր հեռագրեր, նամակներ ու հաշվետվություններ, որոնք գերմանացի պաշտոնյաներն Օսմանյան կայսրությունից ուղարկել է Բեռլին, որոնցում առկա են ցնցող մանրամասներ Հայոց ցեղասպանության իրականացման մասին: Այդ փաստաթղթերը վկայում են երիտթուրքերի միանշանակ ցանկության մասին ցեղասպանություն գործել եւ գերմանական կառավարության պաշտոնական լուռ համաձայնության ու մասնակցության մասին: