Լուրեր
նորություններ/news

Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի մասին տեղեկությունները Հայաստանը կստանա անմիջապես հայերի միջոցով

Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի մասին տեղեկությունները Հայաստանը կստանա անմիջապես հայերի միջոցով

Հայաստանում վերջերս սիրիահայերի խնդիրներով հետաքրքրվածությունը նվազել է, հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դուբայի մամուլի ակումբի անդամ, www.azad-hye.net կայքի հիմնադիր-գլխավոր խմբագիր Հրաչ Կալսահակյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի սփյուռքի նախարարությունում հունվարի 13-ին, ժ. 17:00-ին իրենց նախաձեռնությամբ կկայանա գերատեսչության ղեկավարի հետ հանդիպում՝ սիրիահայերին մտահոգող խնդիրների ներկայացման համար:

«Կայքի հիմնական նպատակը Սիրիայից եւ ամբողջ Մերձավոր Արեւելքից ստացվող տեղեկատվությունը ճիշտ հունի վրա դնելն է, որպեսզի այդ տեղեկությունը հայերի միջոցով ստացվի, քանի որ հայ լրագրողների համար նախընտրելի է այդ դեպքերի մասին իմանալ հայերից», — նշել է Կալսահակյանը՝ հավելելով, որ արտասահմանյան լրատվամիջողներից ստացվող տեղեկությունների հիմնական մասը չափազանցություն է: Նա նշել է, որ նաեւ սիրիահայերին օգնելու հարցն է դրված:

«Մենք գիտենք, որ սիրիահայերը նյութական օգնության կարիք ունեն: Մեր կայքի տարածած հավաստի տեղեկատվությունը կօգնի, որպեսզի օգնությունը նպատակաուղղված լինի», — ընդգծել է Կալսահակյանը:

Անդրադառնալով Քաղաքացիական հասարակության կենտրոնին, Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատությանը՝ նա նշեց, որ նպատակը լրագրողներին սփյուռքի կյանքին ծանոթանալու հնարավորություն ընձեռելն է: «Կենտրոնի եւ Լրագրողների միջեւ համագործակցությունը կարող է շատ հնարավորություններ եւ փոխգործակցության համար որոշակի հարթակ ստեղծել Կենտրոնի եւ լրագրողների համար: Կան երկու հիմնական գաղափարներ. արվեստի նոր հայ գործիչների մասին տեղեկատվության տարածում, ինչպես նաեւ հրապարակումների հետ կապված որոշակի աշխատանքի կատարում, որպեսզի օտարերկրյա ընթերցողները կարողանան ծանոթանալ Հայաստանի դեպքերին»,- ամփոփել է Հրաչ Կալսահակյանը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am