Իտալիայի Բարի քաղաքում, օրերս տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին եւ իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:
Արարողությանը մասնակցել են Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիանոն, Իտալիայի Հայերի Միության նախագահ, պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը, Բարիում հայ համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը եւ մեծ թվով Բարիի քաղաքացիներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը խոսքով հանդես է եկել դեսպան Ղազարյանը, ով իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ հայկական խաչքարի տեղադրումը Բարիում` մի քաղաքում, որն ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված հայերին, հայերի եւ Հայաստանի երախտիքի խորհրդանիշն է: Դեսպան Ղազարյանը նաեւ նշել է, որ Բարիի քաղաքապետի եւ քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը` համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու եւ քաղաքական խիզախության վառ օրինակ են` հանուն ցեղասպանությունների կանխարգելման եւ ժխտողականության դատապարտման միջազգային գործընթացի:
Քաղաքապետ Էմիլիանոն իր ելույթում նշել է, որ երջանիկ է գտնվելու այս վայրում: Քաղաքապետը հավելել է, որ խաչքարի տեղադրումը` ընդամենը մի փոքր, բայց, այդուհանդերձ, կարեւոր եւ արժանավոր քայլ էր` պատմական արդարության վերականգնման դժվարին ճանապարհին: Նա իր հերթին իր եւ համաքաղաքացիների երախտիքի զգացմունքն է արտահայտել տեղի հայ համայնքին, որը ջանքեր չի խնայում հանուն Բարիի զարգացման ու բարօրության:
Տոնակատարությունը շարունակվել է Բարիի քաղաքային խորհրդի դահլիճում, ուր տեղի է ունեցել բարիահայ բանաստեղծ` գրականության ասպարեզում 1953թ. Նոբելյան մրցանակի թեկնածու Հրանտ Նազարյանցի անվան հետազոտական կենտրոնի եւ քաղաքապետարանի մրցանակաբաշխության արարողությունը:
Իտալիայում ՀՀ դեսպանը եւ քաղաքապետ Էմիլիանոն պարգեւներ են հանձնել պրոֆեսոր պրոֆեսոր Գեղամ Ջ. Բոլոյանին` Աղավնի Պողոսյանի «Արյան կանչը» եւ «Հուշեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունների թարգմանության համար:
Տոնակատարության շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ս.Ղազարյանը հարցազրույց է տվել իտալական հանրային RAI հեռուստատեսության նորությունների ծրագրի թղթակցին, որում անդրադարձել է Բարիում հայկական խաչքարի տեղադրմանը, Բարիի քաղաքային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին եւ, այդ համատեքստում, ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը, հավելելով, որ Բարիի հետ փոխգործակցության նոր էջ է բացվում, որն իր մեջ կընդգրկի տնտեսական, մշակութային եւ ապակենտրոնացված համագործակցության այլ ոլորտները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am