Լուրեր
նորություններ/news

ՀՀ նախագահի դրամաշնորհի մեծ մասը կհատկացվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերին

ՀՀ նախագահի դրամաշնորհի մեծ մասը կհատկացվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

2014 թ-ին ՀՀ նախագահի դրամաշնորհի մեծ մասը հատկացվելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։ Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել է փետրվարի 1 — ին:

«Արմենպրես»-ի թղթակց հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ավելացած փաթեթի շրջանակում իրականացվելու են մի շարք միջոցառումներ` սեմինարների, դասընթացների, գիտաժողովների անցկացման, ինչպես նաև տարատեսակ հոդվածների տպագրման ձևով:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բազմաթիվ ծրագրեր են առանձնանալու դրամաշնոհների մրցույթի շրջանակում: Մտածում ենք նաև մեր օրերի հերոսների կարևորության մասին` դա առանձին ծրագրերի մեջ է ներառված»,- նշեց Ավագյանը: Նրա խոսքով, մեր օրերի հերոսներին մեծարելու վառ օրինակ է նաև մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ օրեր առաջ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հերոսական արարքը:

«Ընթացիկ բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել ու իրականացվում են, անպայման պահպանվելու են: Խոսքը հակածխախոտային ողջ փաթեթի մասին է, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ունենք, որոնք այդ ոլորտում մասնագիտացել են: Մյուս ծրագիրը կապված է գյուղական երիտասարդության հետ, որը բացառապես իրականացվում է հանրապետության մարզերում»,- տեղեկացրեց հոգաբարձուների խորհրդի համակարգողը:

Դրամաշնորհի հատկացման մրցույթի հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի, տաբեր գերատեսչությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Մրցույթի ընդհանուր բյուջեն տարվա կտրվածքով կազմում է 200 միլիոն դրամ: Մեկ ծրագրի համար հատկացվող առավելագույն դրամաշնորհի չափը մեկ կազմակերպությանը կկազմի 5 միլիոն դրամ:

«Նախկինում մեկ կազմակերպությանը տրվող դրամաշնորհի չափը շատ մեծ է եղել, սակայն Երիտասարդական հիմնադրամի որոշմամբ, այլևս մեծ գումարներ մեկ կազմակերպության չենք տրամադրելու, փոխարենը նպատակահարմար ենք գտել ավելի շատ թվով կազմակերպություններ ներգրավել ծրագրերի իրականացման մեջ»,- հավելեց Ավագյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպությունն է, որը ՀՀ նախագահի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթներ է կազմակերպում։ 2013-ին հիմնադրամը հայտարարել է դրամաշնորհների մրցույթներ 7 տարբեր անվանակարգերում: Մրցույթի համար դիմել էր 19 կազմակերպություն, որոնցից 18-ը ստացել էր դրամաշնորհ։ Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մեկ ՀԿ պատշաճ չի կատարում ծրագիրը, և փոխանցված գումարը հետ է գանձվել։

 ARMENPRESS.am