Լուրեր
նորություններ/news

12 օր երեւանյան կինոթատրոններում անվճար կցուցադրեն բրիտանական վերջին արտադրության ֆիլմեր

12 օր երեւանյան կինոթատրոններում անվճար կցուցադրեն բրիտանական վերջին արտադրության ֆիլմեր

Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը այս տարի մեկնարկեց  «Մոսկվա» կինոթատրոնում Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին պատմող վեպի հիման վրա նկարահանված «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ:

Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակության մեջ առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին:

«Առաջին հերթին մենք ընտրում ենք փառատոնի թեման, թե այս տարի, որ թեման է արդիական: Ապա Մեծ Բրիտանիայում մեր մասնագետները ընտրում են ֆիլմեր, որոնք կարծարծեն ընտրված թեման: Ֆիլմերը պարտադիր պետք է լինեն վերջին արտադրության, ինչպես նաև փառատոնային ֆիլմեր: Իսկ հետո սկսվում են բանակցությունները հենց ֆիլմերի ռեժիսորների հետ, որ ձեռք բերենք ֆիլմերի ցուցադրության իրավունքը: Բավականին երկար գործընթացից հետո հայ հանդիսատեսի դատին ենք հանձնում ծրագիրը»,- NEWS.am-ին ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի ինը ֆիլմ մայրաքաղաքում և մարզերում։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում: Փառատոնի ֆիլմերը փետրվարի 28-ին ամբողջ օրը կցուցադրվեն «Սինեմա Սթար» կինոթատրոնի սրահներից մեկում։ Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր «Նաիրի» կինոթատրոնում: Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքը այս տարի նույնպես անվճար է:

Փառատոնի շրջանակում կանցկացվի արդեն ավանդական դարձած գրախոսականի մրցույթը, որի գլխավոր մրցանակակիրը կարժանան iPad Air-ի։

Բացման արարողությանը ներկա էին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:

Քրիսթին Բարդսլին իր այցելության ընթացքում կհանդիպի ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկումների ընթացքում կքննարկվեն հայկական և բրիտանական կինոարտադրության կապերի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Լուրեր Հայաստանից — NEWS.am