Լուրեր
նորություններ/news

Երեւանում սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված երթ տեղի կունենա

Երեւանում սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված երթ տեղի կունենա
Еркрамасу - 30 лет (1996-2026)

1988թ. Սումգայիթի ջարդերը խուլիգանություն չէին, այլ հայերի կազմակերպված սպանդ, ովքեր դարերով ապրում էին իրենց հայրենի հողում եւ պատահաբար հայտնվել էին 1918թ. ստեղծված Ադրբեջան պետությունում: Այս մասին փետրվարի 27-ի ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«26 տարի է անցել հարեւան պետությունում հայերի զանգվածային ջարդերից, եւ ընդունված է ասել, որ Սումգայիթի ջարդերը փետրվարի 27-29-ին են կատարվել: Սակայն այժմ փաստեր են հայտնվել, ըստ որոնց՝ ջարդերը, իհարկե՝ ոչ այդպես զանգվածաբար, շարունակվել են մինչեւ ապրիլ», — հավելել է նախկին օմբուդսմենը:

Ըստ նրա` հարցը պետք է տեղափոխել իրավական հարթություն եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել: «Սումգայիթի իրադարձությունների փաստով 10 քրեական գործ էր հարուցվել: Դրանցում կան նաեւ ադրբեջանցիների վկայություններ` Սումգայիթում հայերի ջարդերի կազմակերպման վերաբերյալ: Դրանք կարեւոր ապացույցներ են», — հավելել է Ալավերդյանը: Նա ընդգծել է, որ  Սումգայիթում իրադարձությունների վերաբերյալ ֆիլմի պրեմիերայից հետո «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպություն են դիմել բազմաթիվ ականատեսներ եւ ջարդերը վերապրածներ: «Մեզ զանգահարել էր Գեղեցիկ անունով մի կին եւ պատմել, թե երբ իրեն դիահերձարան էին կանչել դիակը ճանաչելու,  այնտեղ 32-ից ավեի մարմին կար: Եւ երբ իրեն էին տվել ջարդի ժամանակ սպանվածների անունները, այնտեղ երկու ցուցակ կար, որոնցից մեկում` 32 անուն, մյուսում` հարյուրից ավելի», — նշել է Ալավերդյանը: Առաջին օմբուդսմենը հավելել է, որ իրենց ՀԿ էր դիմել մի ռուս կին, որի աղջիկը 1988թ. Սումգայիթում իրադարձությունների ականատես էր եղել: Նա պատմել է, որ աղջիկը տուն էր վերադարձել կակազելով` նա ականատես էր եղել, թե ինչպես են ադրբեջանցիները կրակի մեջ  նետել երկու տարեկան մի երեխայի: «Դա նույնպես վկայում է, որ Ադրբեջանի իշխանությունները ստում են, թե ջարդերի ժամանակ երեխաներին ձեռք չեն տվել»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի` շուտով լույս կտեսնի  Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ ականատեսների հիշողությունների երկրորդ հատորը:

Փետրվարի 28-ին` 13:00 –ին, Երեւանում երթ կկազմակերպվի դեպի Ցեղասպանության  զոհերի հուշահամալիրի տարածքում 1988թ. Սումգայիթում սպանված եւ կտտանքների ենթարկված հայերի հիշատակին տեղադրված խաչքար: Սգո արարողությանը կմասնակցեն հենց նախկին սումգայիթցիները, ովքեր անցել են անասելի տառապանքների դժոխքով, կորցրել հարազատներին եւ բարեկամներին, դարձել հաշմանդամ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am