Լուրեր
նորություններ/news

Մայր Աթոռում Ս. Վարդանանց տոնի առիթով քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում Ս. Վարդանանց տոնի առիթով քահանայական ձեռնադրություն է կատարվել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սրբոց Վարդանանց տոնին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 27-ին Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում նաեւ կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի չորս եւ Քահանայից լսարանի վեց շրջանավարտ սարկավագներ:

Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, եւ շնորհեց նրանց հոգեւոր նոր անուններ:

Քարոզի ավարտին Մուշեղ Սրբազանը Հայ Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասի եւ հավատավոր ժողովրդի անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա առիթով` մաղթելով Ս. Վարդանանց բարեխոսությամբ երկար տարիների անսասան գահակալություն:

Այնուհետեւ Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին եւ համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալու առաջին ՙՈղջույն՚-ը:

Նորընծա քահանա հայրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության եւ աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում եւ թեմերում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am