Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ողջունելով հանդիսատեսներին, որոնց թվում էին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի սենատորներ եւ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի եւ չեխ հասարակության ներկայացուցիչներ, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները թանկարժեք ներդրում են դասական երաժշտության համաշխարհային շտեմարանում՝ ընդգծելով, որ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջոցով հայ երաժշտությունը եւ արվեստը ճանաչելի են դարձել աշխարհի համար:
Եռյակի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը հանդիսատեսին ներկայացրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ գործերից, ինչպես նաեւ Սերգեյ Րախմանինովի, Անտոնին Դվորժակի եւ Առնո Բաբաջյանի առանձին ստեղծագործությունները:
Ձեռնարկի վերջում չեխ հանրահայտ սցենարիստ Հայկ Մարտիրոսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին հանձնեց մեծանուն կոմպոզիտորի՝ Պրահայում եղած ժամանակ գրված ձեռագիր նամակը:

Միջոցառումը, որը լուսաբանում էին «Օրեր» պարբերականը եւ Չեխիայի հանրային հեռուստատեսությունը, ավարտվեց ընդունելությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ