Այսօր Փարիզի Սեւր թաղամասում սկսվում է Արեւմտահայերի երրորդ համաժողով կոչվող միջոցառումը: Առաջին երկուսը տեղի են ունեցել, համապատասխանաբար, 1917 եւ 1918 թթ.: Բայց, ինչպես նման ցանկացած համահայկական միջոցառում, այս մեկը եւս դատապարտված է տապալման: Նման միջոցառումները կազմակերպվում են ազգային միասնության կարգախոսներով, մեր շահերը միասնաբար ներկայացնելու, միասնությամբ հաղթելու հայտարարություններով, բայց արդյունքը մշտապես լինում է նույնը՝ այն թշնամանք ու անվստահություն է ստեղծում, որը չեզոքացնելու համար անհրաժեշտ են լինում նորանոր համաժողովներ:
Օգոստոս ամսին Հայաստան է գալիս 85-ամյա ոմն Կարեն Միքայելյան եւ հայտարարում, որ ինքն Արեւմտահայերի երրորդ համագումարի կազմկոմիտի գործադիր տնօրենն է, եւ այդ կազմկոմիտեն պատրաստվում է համագումար հրավիրել: Նա հանդիպում է Հայաստանի հայրենակցական միությունների ներկայացուցիչների հետ, պայմանավորվում, որ պետք է այստեղ համագումար տեղի ունենա, ընտրվեն 30 պատգամավորներ, որոնք կմասնակցեն դեկտեմբերի 10-ին Փարիզում կայանալիք համահայկական համաժողովին: Հայաստանում կազմակերպվելիք համագումարի կազմկոմիտեի ղեկավար է ընտրվում Արցախյան պատերազմի վետերան գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ թերեւս նրան որպես բրենդ օգտագործելու նպատակով:
Սակայն Թադեւոսյանը, շփվելով Կարեն Միքայելյանի հետ, տեսնելով, որ Արեւմտահայերի երրորդ համաժողովի կազմկոմիտեում չկա միասնություն, որ այդ կազմկոմիտեն լուծարվել է, Միքայելյանի լիազորությունները դադարեցվել են որպես գործադիր տնօրենի, իսկ կազմկոմիտեի ԱՄՆ ներկայացուցիչ Միքայել Սոսիկյանը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Աբրահամյանը չեն ցանկանում նրա անունն ընդհանրապես լսել, որոշում է իրեն հեռու պահել այդ ավանտյուրայից: Հայաստանյան կազմկոմիտեի ղեկավար է դառնում նախկին զինվորական գնդապետ Ավագ Խաչատրյանը:
Ի դեպ, ռուսաստանյան կազմկոմիտեի ղեկավարը գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանն է՝ բավական մեծ վաստակի տեր մի զինվորական, որը թերեւս չի պատկերացնում, թե ինչի մեջ են իրեն ներքաշել:
Ամենակարեւոր հարցն այն չէ, թե ով է կազմակերպում այդ միջոցառումը կամ ով ում հետ ինչ հարաբերություններ ունի: Ավելի կարեւոր է, թե ինչ նպատակով է այն կազմակերպվում: Երբ Կարեն Միքայելյանը համաժողովի համար պատրաստած իր զեկույցը ներկայացնում է հայաստանյան հայրենակցական միությունների անդամների, շատերն ուղղակի սարսափահար են լինում:
Նրանք հրաժարվում են համագործակցել Միքայելյանի հետ եւ նամակով դիմում են հանրապետության նախագահին ու այլ պետական մարմինների, փորձելով բացատրել, որ Միքայելյանի կողմից կազմակերպվող միջոցառումը ծառայելու է ոչ թե Հայաստանի կամ հայության շահերին, այլ բացառապես Թուրքիային:
Ինչ է այսօր Փարիզում հայտարարելու Կարեն Միքայելյանը, եւ ինչու են Հայաստանում որոշ մարդիկ համոզված, որ նա ծառայում է Թուրքիային: «Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, համաձայն իր Սահմանադրության, իրավահաջորդը չէ առաջին հանրապետության, լիազորված չէ աշխարհում սփռված արեւմտահայերի շահերը ներկայացնելու: Ի վիճակի չէ, առնվազն տեսանելի ապագայում, ստանձնելու արեւմտահայության ճակատագրին եւ ապագային առնչվող յուրահատուկ խնդիրների, հատկապես պահանջատիրության խնդրի լուծման առաքելությունը»,- իր զեկույցում հայտարարելու է Միքայելյանը՝ առաջարկելով ստեղծել մի մարմին, որ կլինի արեւմտահայերի լիազոր ներկայացուցիչը: Սրան ի պատասխան՝ հայրենակցական միությունները տարածել են մի հայտարարություն, որում ասված է.
«Այս հայտարարության մեջ Կ. Միքայելյանն իրեն իրավունք է վերապահում պնդել, թե Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդը: Այս անգրագետ եւ սխալ պնդման վրա էլ հենված է այն թյուր հետեւությունը, թե Հայաստանի Հանրապետությունն իրավասու չէ հայոց պահանջատիրության հարցում եւ հատկապես հողային պահանջատիրության: Այսպիսով, բերված հայտարարությունը հանդուգն ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դեմ, քանի որ մեր երկրի Սահմանադրության մաս կազմող Անկախության հռչակագրում հստակ գրված է, որ Հայաստանի ներկայիս հանրապետությունը շարունակողն է առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների: Մեր խորին համոզմամբ, դա համապատասխանում է միայն մի պետության` Թուրքիայի քաղաքական արմատական շահերին»:
Նրանք համարում են, որ Կարեն Միքայելյանի կողմից կազմակերպված միջոցառումն օրինական չէ եւ չի կարող ներկայացնել արեւմտահայության շահերը: Իրենց այս պնդումը նրանք հիմնավորում են այսպես. «Հաշվի առնելով վերը շարադրվածը, մենք` Արեւմտյան Հայաստանի տարբեր բնօրրանները ներկայացնող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող «Հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունների ղեկավարներս, հայտարարում ենք, որ որեւէ մեկը լիազորված չէ Հայաստանը ներկայացնելու 2011թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի արվարձան Սեւրում հրավիրված համաժողովին: Որեւէ անհատի կամ անհատների խմբի մասնակցությունը նշյալ ժողովին մեր կողմից կդիտվի ինքնագործունեություն եւ լիազորություններ չունեցող»: Այս հայտարարության տակ ստորագրել են «Թվանջ», «Վասպուրականի նոր սերունդ», «Խարբերդ», «Հաճն», «Կարին», «Մուսալեռ», «Տրապիզոն-Արդվին-Բաթում» եւ այլ հայրենակցական միությունների ներկայացուցիչներ:
Փարիզ մեկնած հայաստանյան պատվիրակության տեսակետները մենք կներկայացնենք Սեւրից նրանց վերադառնալուց հետո:
Ավետիս Բաբաջանյան, Hraparak.am