Լուրեր
նորություններ/news

Ալժիրի վարչապետը` Էրդողանին. "Մի' չարաշահեք մեր ժողովրդի արյունը"

Еркрамасу - 30 лет (1996-2026)

Աթենքի «Հայաստան» լրատու ցանցը, վկայակոչելով իրանական «Ալ Ալեմ» լրատվական կենտրոնը, տեղեկացնում է, որ Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան հունվարի 7-ին` մամուլի ասուլիսի ժամանակ, խոսքն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ասել է. «Մեր թուրք գործընկերներին խորհուրդ ենք տալիս, որ մեր արյունը առեւտրի առարկա չդարձնեն»:

«Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի ժողովրդի արյունը»,- հավելել է նա:

Ալժիրի վարչապետը նշել է, որ Թուրքիան` 1830թ. Ալժիրը գրավելուց երեք օր անց այն հրամցրեց ֆրանսիացիներին եւ այնուհետեւ մինչեւ Ալժիրի անկախությունը՝ 1962 թվականը, ՄԱԿ-ում քննարկման դրված` Ալժիրի շահերը պաշտպանող բոլոր բանաձեւերին դեմ է քվեարկել:

Ալժիրի Ազգային դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ահմեդ Օյահյան նաեւ հավելել է. «Թուրքիան ինչ-որ կերպ Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ. ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ, որպես հակազդեցություն, Ֆրանսիային մեղադրել էր Ալժիրի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործադրելու մեջ:

http://www.yerkir.am