Լուրեր
նորություններ/news

«ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագրի հաշվետու համերգ

«ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագրի հաշվետու համերգ

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն,

2012 թ. ապրիլի 2, սկիզբը` ժ. 19։00

2010 թվականից «Երկիր» միությունը նախաձեռնել և իրականացնում է «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագիրը: Նախագծի շրջանակներում երաժիշտ Նորայր Քարտաշյանի ղեկավարությամբ ձևավորվել է «ՎԱՆ նախագիծ» երաժիշտների խումբը, որի նպատակներն են հայկական ավանդական նվագարանների և երաժշտական ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու տարածումը:

2012թ. ապրիլի 2-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է «Վան» նախագիծ» երաժիշտների խմբի հաշվետու համերգը։ Կատարվելու են արևմտահայկական ժողովրդական ստեղծագործություններ նորովի մշակմամբ և գործիքավորմամբ («Համշենա շարան», «Մալաթիա» «Անի», Մուշի, Սասունի երգեր ու մեղեդիներ և այլն):

«ՎԱՆ նախագծի» մասին

«Երկիր» միությունը նախաձեռնել և իրականացնում է «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագիրը 2010 թվականի նոյեմբերից։

Ծրագրի հիմնական նպատակներն են

— Աջակցել Հայկական բարձրավանդակի տարածքում ապրող տարբեր էթնիկ խմբերի և Հայաստանի բնակչության միջև միջսահմանային մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը՝ համատեղ արտահայտվելու, միջմշակութային փոխանակության և երկխոսության հնարավորություններ ստեղծելու միջոցով,

— Նպաստել Հայկական բարձրավանդակում ներկայումս բնակվող տարբեր էթնիկ խմբերի ավանդական երաժշտության և ոչ նյութական մշակութային ժառանգության այլ ճյուղերի ուսումնասիրությանը, դրանում առկա հայկական շերտի բացահայտմանն ու վերհանմանը,

— Իրականացնել միջոցառումներ՝ ուղղված հայերի, ինչպես նաև Հայկական բարձրավանդակի տարածքում բնակվող էթնիկ խմբերի ավանդական մշակութային ժառանգության ներկայացմանն ու պրոպագանդմանը:

«ՎԱՆ նախագծի» շրջանակներում ձևավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Արշավախմբի անդամ երաժիշտները Նորայր Քարտաշյանի ղեկավարոթյամբ մասնակցել են Արգուվանի և Մնձուրի երաժշտական փառատոններին։ Զուգահեռաբար, արշավախմբի կազմում ընդգրկված հետազոտական խումբը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և արևելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ, դաշտային հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանում՝ հավաքելով ազգագրական բնույթի հարուստ նյութ:

2011 թ. սեպտեմբերի 15-ին «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով «ՎԱՆ նախագիծ» երաժիշտների խումբը Ստամբուլում համերգային ծրագրով մասնակցել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության հանդիսությանը:

«ՎԱՆ նախագիծն» իրականացվում է Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի ֆինանսական աջակցությամբ: