Լուրեր
նորություններ/news

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բեռլինում մասնակցեց նկարիչ Արչի Գալենցի ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը: Ցուցահանդեսի բացմանը նախարար Հ.Հակոբյանը հանդես եկավ ելույթով` անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին, մասնավորապես` մշակութային ծրագրերի շուրջ համագործակցությանը:

Բեռլինում նախարարը հարցազրույց տվեց հայկական ռադիոյի և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրողներին:

Հաջորդ օրը Հ.Հակոբյանը Պոտսդամում այցելեց գերմանացի հայտնի արևելագետ Յոհաննես Լեփսուսի տուն-թանգարան:

Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանի արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմենուհի Աբգարյանի հետ քննարկվեցին համալսարանի հայագիտական դասընթացի ծրագրեին և Լեպսուսի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող հարցեր:

Նախարարը հանդիպեց նաև Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչներին: Երեք ժամ տևած հնադիպման ընթացքում Հ.Հակոբյանը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության հիմնական սկզբունքները, պատասխանեց ներկաների հարցերին:

Քյոլնի Ս.Սահակ Մեսրոպ եկեղեցում նախարարը մասնակցեց Ծաղկազարդի պատարագին, որին հաջորդեց առաջնորդարանի սրահում համայնքային մշակութային խմբերի կազմակերպած գեղեցիկ համերգը:

Նախարարը հանդիպեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և եկեղեցական խորհրդի անդամներին:

Այստեղ Հ.Հակոբյանը հանդիպեց Քյոլնի համայնքի և մերձակա տարածաշրջաններից ժամանած համայնքային գործիչներին: Չորս ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքների հիմնախնդիրները:

Շտուտգարտի հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի երկու ուսանողի պրակտիկան կազմակելպել իրենց համայնքում:

Բոլոր հանդիպումներին նախարարին ուղեկցում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և հայպահպանության գործում մեծ ներդրում ունեցած Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների:

ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանի արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմենուհի-Դրոստ Աբգարյանը և «Հայ-գերմանական նամակագրություն» տեղեկատվական հանդեսի գլխավոր խմբագիր, հրապարակախոս դոկտոր Ռաֆֆի Կանտյանը, «Արշիլ Գորկի» մեդալով` արվեստագետ, նկարիչ Արչի Գալենցը, «Կոմիտաս» մեդալով` դաշնակահար Կարինե Գիլանյանը, «Վիլյամ Սարոյան» մեդալով` Բեռլինի պետական գրադարանի արևելագիտության բաժնի վարիչի տեղակալ Մելինե Պեհլիվանյանը և Բեռլինի հայկական դպրոցի հիմնադիր, տնօրեն Միքայել Մինասյանը:

Հ.Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր հանձնեց Տ. Սերոբվե վարդապետ Իսախանյանին, Տ. Տիրատուր քահանա Սարդարյանին, Բեռլինի հայ համայնքի ատենապետ Վարդգես Ալյանակին և Բեռլինի հայ եկեղեցական և մշակութային համայնքի ատենապետ Պետրոս Տիքիճեանին: