Լուրեր
նորություններ/news

Պոլսո «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը Հայաստանում

Պոլսո «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը Հայաստանում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» շրջանակներում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը: Համերգին հնչեցին ինչպես հայ մեծանուն դասականների, այնպես էլ աշխարհահռչակ այլ երաժիշտների ստեղծագործություններ:

Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համերգի կազմակերպման համար, կարևորեց, որ «Վարդանանց» երգչախումբը մասնակցելով «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին` դրեց իր անմոռանալի կնիքը և բարձր պահեց պոլսահայության պատիվը: Նա առանձնացրեց, որ երգչախմբի անդամների մի մասն առաջին անգամ է Հայաստանում և, որ նրանք հիացած են ու բառերով չեն կարող արտահայտել իրենց զգացումները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց,-«Արդեն մի քանի ամիս է, ինչ «Իմ Հայաստան» փառատոնը տարերքի մեջ է և ընդունել է 40-ից ավելի խմբեր, սակայն այսպիսի պատկառելի խումբ, այսպիսի պատկառելի առաջնորդությամբ չէինք ունեցել: Երգչախմբի բաձրարվեստ կատարումները թողեցին մեծ տպավորություն և բոլորիս հոգին հոգեպարար, հոգեշունչ երաժշտությամբ այս գիշեր խաղաղվեց»:

<

Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց պոլսահայությանը՝ Պոլսում հայկական ավանդույթներն ու սովորույթները պահպանելու համար: Եվ բարձր գնահատեց «Վարդանանց» երգչախմբի անդամների փայլուն ու բարձրարվեստ կատարումները:

Այնուհետև տիկին Հակոբյանը երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաջյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, իսկ երգչախմբի դաշնակարուհի, երգեհոնահարուհի Լուսի Գահվէճիօղլուին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր` ազգանվեր գործունեության, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար:

<