Լուրեր
նորություններ/news

Կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը

Կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը

Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ Կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Գրիգոր Ջանշյանի` ժամանակին Ռուսաստանի լայն հասարակությանը և կառավարական շրջաններին Հայաստանում այդ օրերին 1894-1896թթ. կատարվող իրադարձությունների մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև գիտնական այրերի գրչով հայ ժողովրդի անցած դարավոր ուղին լուսաբանելու, հայ ժողովրդի ստեղծած մշակութային անկրկնելի արժեքները վեր հանելու և հայորդիների կողմից համաշխարհային քաղաքակրթությանը մատուցած ծառայությունները ներկայացնելու ջանքերը: «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1898-ին Մոսկվայում, որը ժամանակակիցները բնութագրել են որպես «Գիրք-սիմֆոնիա», «Գիրք-հանրագիտարան», «Մատյան արյան և արցունքի»: Գրքի ստեղծման բուն շարժառիթը 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներն էին, որոնց հետևանքով հազարավոր հայ երեխաներ, կանայք և ծերեր ոչնչացվել էին, իսկ փրկվածներն էլ հայտնվել էին սովի և մահվան ճիրաններում: «Ջանշյանն այս ժողովածուով ռուս հասարակությանը ոչ միայն ներկայացրել է հայերի հետ տարվող դաժան քաղաքականության ողջ ճշմարտությունը, այլև գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը` 60.000 ռուբլի` Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով տրամադրել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանին` որբանոցներ բացելու համար, որի արդյունքում բացվել է 12 որբանոց, և Ջանշյանին տվել են «Որբերի հայր» պատվատիտղոսը», — ընդգծեց նախարար Հրանուշ Հակոբյանը: «Շնորհակալ ենք պարոն Ալբերտ Իսոյանին և Արամ Կարապետյանին, ովքեր, մաքրելով դարերի կարծրացած փոշին, կարողացան հավուր պատշաճի ուսումնասիրել և 115-ամյա դադարից հետո վերահրատարակել մեծ հայի այս աշխատությունը», — իր խոսքը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը: «Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Ալբերտ Իսոյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Գրիգոր Ջանշյանի գրքի լուսապատճենման տարբերակով ճշգրիտ վերականգնելու և երկրորդ անգամ վերահրատարակվելու պատմությունը: «Գրիգոր Ջանշյան» հեղինակի, մարդու, գործչի և նրա «Եղբայրական օգնություն հայերին» աշխատության մասին ելույթով հանդես եկավ գրքի նախաբանի հեղինակ, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը` նշելով, որ Ջանշյանի նյութն ուղեկցվում է հայի և հայկականի մասին բծախնդրորեն ընտրած պատկերներով և լուսանկարներով, որոնք վերաբերում են Արևելյան և Արևմտյան Հայաստաններին, հայկական գաղթավայրերին: Ժողովածուին մեծ շուք է հաղորդում նաև այն հանգամանքը, որ նրա ստեղծմանը մասնակցել են ժամանակի մեծահամբավ հայ նկարիչները. Հովհաննես Այվազովսկին գրքում զետեղելու համար Նիցցայից հրատարակչին ուղարկել է չորս բնագիր նկար: Ժողովածուի մասին կարծիք հայտնեցին Ա.Գևորգյանը, Ա.Բլեյանը, Ա.Հակոբյանը և այլք, որոնք բոլորն էլ շատ բարձր գնահատեցին այն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ