Լուրեր
նորություններ/news

Այս տարի պատմական Անիի ավերակներ են այցելել 24 հազար զբոսաշրջիկ

Այս տարի պատմական Անիի ավերակներ են այցելել 24 հազար զբոսաշրջիկ

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի ավերակներ այցելողների թիվը 2013-ին ավելացել է նախորդ տարվա համեմատ:

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփը հայտնել է, թե այս տարի Կարս նահանգում գտնվող Անիի ավերակներ են այցելել 12 510 տեղացի եւ 11 220 արտասահմանցի զբոսաշրջիկներ: Նա նշել է, թե այս թիվը 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա այցելությունները: 

Թուրք պաշտոնյան շեշտել է, թե Անիի ավերակները շատ կարեւոր են Կարսի եւ տարածաշրջանի տուրիզմի զարգացման համար՝ ասելով, թե այն յուրահատկություն է ձեռք բերում նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին տեղ գրավելով:

Նեջմեթին Ալփի խոսքով՝ 2013-ի սեպտեմբերին սկսվել է Մայր տաճարի շրջակայքի մաքրման աշխատանքներն ու պեղումները, որոնք կշարունակվեն նաեւ 2014 թվականին:

Նշենք, նաեւ որ Անիում կանգուն մնացած հայկական շինությունների դիմաց տեղադրված ցուցանակների վրա չկա հայ կամ Հայաստան գրությունը։

Լուրեր Հայաստանից — NEWS.am