Լուրեր
նորություններ/news

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում նշել են հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում նշել են հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Նոյեմբերի 21-ին Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին` ի մի էին եկել` նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը:

Միջոցառումը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով: Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսք ասաց Մելան Սեֆեանը:

Միջոցառման յաջորդ բաժնում ցուցադրւեց փաստագրական տեսաֆիլմ՝ Իրանում ՀՅԴ-ի կառոյցի ձեւաւորման եւ գործունէութեան մասին: Ապա հրաւիրւեց՝ արտայայտւելու օրւայ բանախօս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա իր ելոյթի ընթացքում համապարփակ ձեւով անդրադարձաւ Հայաստանի ներկայ իրավիճակին, գոյութիւն ունեցող խնդիրներին, մասնաւորաբար՝ արտագաղթին եւ արտագաղթին յանգող բազմաշերտ պատճառներին, Արցախեան հիմնախնդրին եւ բանակցային նոր գործընթացին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին եւ Սիրիայի ու սիրիահայութեան ճգնաժամային կարգավիճակին:

Բանախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ Վարդենիս, Մարտակերտ ճանապարհաշինութեանը ուղղւած այս տարւայ համահայկական թելեթոնին եւ կոչ ուղղեց խուռներամ մասնակցելու այդ նախագծի իրագործման համար կազմակերպւած թելեթոնին:

Նա ասաց. «Այդ ճանապարհը, տնտեսական, ռազմական, ռազմավարական մեծ կարեւորութիւն ունի, մասնակցելով այդ նւիրահաւաքին՝ դուք մասնակցելու էք ազատագրւած հայրենիքի կրկնակի եւ վերջնական ազատագրմանը»:

Բանախօսը իր ելոյթի վերջին բաժնում խօսքը ուղղեց իրանահայութեանը եւ աւելացրեց. «Սիրելի իրանահայեր, դուք մեր ժողովրդի հայեցի, քաղաքականացած, պետական մտածողութիւն ունեցող հատւածներից էք: Դուք ապրում էք մի երկրում, որ մեր երկրին ու ժողովրդին հարազատ բարեկամ, եղբայր է: Մեզ համար, մեր երկրի համար, մեծ կարեւորութիւն ունի Իրանը: Իրանը դերակատարութիւն ունի տարածաշրջանում, սիրէք այս երկիրը, մասնակից եղէք այն բոլոր ճիգ ու ջանքերին, որ նպաստելու են Իրանի հողային ամբողջականութեան ու ինքնուրոյնութեան-անկախութեան պահպանմանը, դա բխում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ու ողջ հայութեան շահերից»:

<

Ծրագրի գեղարւեստական բաժնում ասմունքային պատկերաւոր կատարմամբ եւ գեղարւեստական համադրութեամբ՝ ասմունքեցին Սեդրակ Գոջամանեանը եւ Փրենի Գոլազիզեանը:

Միջոցառմանը բեմ հրաւիրւեց՝ արտայայտւելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ողջունելով ՀՅԴ-ի 123-ամեակը՝ ասաց. «Ցանկանում եմ, որ այն ոգին եւ հոգին, որ անցնող 123 տարիներում ծածանւեց Դաշնակցութեան կեանքի երկնակամարի վրայ, լինի կամուրջը անցեալի եւ ներկայի՝ յանուն վառ ապագայի»: Թեմակալ առաջնորդը աւելացրեց. «Ժողովուրդների կեանքում քաղաքական կազմակերպութիւնները գնահատւում են այն աշխատանքներով, իրագործումներով ու ձեռքբերումներով, որոնցով նրանք իրենց տւեալ ազգի կեանքի մէջ ներդրում են բերում»:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ մշակութային հարցերով կցորդ Սահակ Եղիազարեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ՀՅԴ-ի Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ:

Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ՝ միջոցառման աւարտին յեղափոխական երգերի ոգեշունչ կատարմամբ հանդէս եկաւ «Մաշտոց» երգչախումբը. գեղարւեստական ղեկավար՝ սիմֆոնիկ նաւագախմբի եւ երգչախմբի դիրիժոր մայեստրօ Ռազմիկ Օհանեան, դաշնակահարներ՝ Ալւին Յովհաննիսեան եւ Արին Աւանէսեան:

 Հանդիսութիւնն աւարտւեց ընդունելութեամբ:

Yerkir.am