Լուրեր
նորություններ/news

Երեւանում կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման 150 ամյակին

Երեւանում կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման 150 ամյակին

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նախաձեռնությամբ, Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 17:30-ին, կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման 150 ամյակին:

Ցուցահանդեսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում: Այս միջոցառմամբ ԿԽՄԿ-ն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել  մարդասիրական աջակցությանը եւ պաշտպանությանն ուղղված իր գործունեությանը՝ ի նպաստ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համալսարանականներ եւ լրատվամիջոցներ:

«ԿԽՄԿ-ի150-ամյա մարդասիրական գործունեությունը 1863 — 2013թթ.» խորագրով այս ցուցահանդեսին կներկայացվեն թվով 55 պատմական եւ ժամանակակից լուսանկարներ, որոնք ընդգրկում են 1898թ.-ի իսպանաամերիկյան պատերազմը, 20-րդ դարի երկու Համաշխարհային պատերազմները, ինչպես նաեւ վերջին տասնամյակներին Աֆղանստանում, Սուդանում, Լիբիայում եւ Սիրիայում տեղի ունեցած զինված ընդհարումները: Հատուկ հավաքածուով կցուցադրվի ԿԽՄԿ-ի գործունեությունը Հայաստանում: Ցուցահանդեսը բաց է մինչեւ դեկտեմբերի 23-ը:

Իր գոյության ընթացքում ԿԽՄԿ-ն մշտապես ջանացել է օգնության ձեռք մեկնել զինված ընդհարումների եւ բռնության այլ իրավիճակների հետեւանքներից տուժած անձանց: Ներկայումս ԿԽՄԿ-ն գործում է ավելի քան 90 երկրներում: Կազմակերպությանը երեք անգամ շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am