Լուրեր
նորություններ/news

Երևանում քննարկվում են ձեռագիր և տպագիր ժառանգության ոլորտի խնդիրներն ու լուծումները

Երևանում քննարկվում  են ձեռագիր և տպագիր ժառանգության ոլորտի խնդիրներն ու լուծումները
Еркрамасу - 30 лет (1996-2026)

«Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարն է անցկացվում դեկտեմբերի 17-18–ին հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում` Հայաստանի մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների օժանդակությամբ:

Սեմինարի շրջանակում կարծարծվեն ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ, բարձր տեխնոլոգիաների կիրառում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները:

«Մենք կարևորում ենք ավանդական գիտագործնական սեմինարը, որին ամեն տարի մասնակցում են մասնագետներ ԱՊՀ, Բալթյան երկրներից և Եվրոպայից։ Սեմինարի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ, վարպետության դասեր մեր երիտասարդ մասնագետների համար ձեռագրերի վերականգնման թեմայով»,– ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը սեմինարի բացմանը։

Ըստ նրա` սեմինարի ընթացքում կներկայացվեն Մատենադարանի որոշ ձեռագրերի վերականգնման, ինչպես նաև Ինստիտուտի ֆոնդերի համալրման նոր ծրագրերը։

Սեմինարի մասնակիցներից մեկը` Խարկովի Վ.Ն.Կարազինի անվան ազգային համալսարանի Սլոբոդյան Ուկրաինայի հնագիտության և ազգագրության թանգարանի ռեստավրացիոն արհեստանոցի վարիչ Տատյանա Կրուպան նշեց, որ սեմինարի ծրագիրն արդյունքներ է տալիս։

«Մենք այստեղ սովորեցնում և սովորում ենք։ Այսօր մասնագետների հեռահար շփման հնարավորությունների պայմաններում կարևոր է պահպանել կենդանի մարդկային շփումը, առավել ևս պատմաբանների համար սուրբ վայրում` Մատենադարանում»,– նկատեց նա։

Սեմինարի շրջանակներում նախատեսված են դասախոսություններ, շնորհանդեսներ, վարպետության դասեր, որոնք կանցկացնեն ԱՊՀ, Բալթյան և եվրոպական երկրների թանգարանային, գրադարանային և արխիվային գործի առաջատար մասնագետներ։

Նովոստի–Արմենիա