Լուրեր
նորություններ/news

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի ֆիլմը կանդրադառնա Հայոց ցեղասպանության հետևանքներին

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի ֆիլմը կանդրադառնա Հայոց ցեղասպանության հետևանքներին

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը (Robert Guediguian) իր նոր կինոաշխատանքում կանդրադառնա 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքներին: Ֆիլմում ներգրավված են ֆրանսահայ դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, այլք: Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մեկ այլ ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը պատմեց, որ այժմ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

«Ֆիլմն իսկապես ցեղասպանության հետևանքների մասին է, շատ հետաքրիքր թեմա է, որը կանդրադառնա նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ ԱՍԱԼԱ-ի գործողություններին, այսինքն` այն հարցին, թե նոր սերունդներն ինչպես էին հետամուտ լինում Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից»,- նշեց Ավետիքյանը: Նրա գնահատմամբ` ընտրված թեման յուրահատուկ է և սուր, որի մասին գուցե դժվար է խոսել: «Ֆրանսիան շատ ուղղակի ձևով կապված է ցեղասպանության հետևանքների հետ, և պատահական չէ, որ շեշտադրումը կատարված է նաև Ֆրանսիայի հայկական գաղթօջախների վրա»,- պարզաբանեց կինոռեժիսորը:

Ներկա փուլում պատրաստ է ֆիլմի սցենարը, առաջիկայում կմեկնարկեն նկարահանման աշխատանները, որոնք հիմնականում կիրականացվեն Ֆրանսիայում, թեև նախանշված են որոշ նկարահանումներ նաև Հայաստանում: Գետիկյանի նոր ֆիլմը կլինի ֆրանսերեն, սակայն հայերենն էլ անմասն չի մնա կինոժապավենից:

Ֆիլմը պատրաստ կլինի 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի և նրա պարտիզանական խմբի մասին պատմող «Ոճրագործության բանակ» ֆիլմը ներկայացվել էր հանրության դատին 2009 թվականի նոյեմբերին:

Սերժ Ավետիքյանը համատեղ մի շարք կինոնախաձեռնություններ է իրականացնում, որոնցից մեկը` «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն լիամետրաժ ֆիլմն է: Դրանում անդրադարձ կլինի նաեւ Հայոց ցեղասպանության հետևանքներին: «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմը ներկայացնում է Թուրքիայի պատմությունը, որն առնչվում է նաև Հայոց ցեղասպանության և ֆաշիզմի թեմային: Փետրվարի սկզբին պատրաստ կլինի ֆիլմի առաջին չորս րոպեն, որը կներկայացվի կինովարձույթով զբաղվող կազմակերպությունների և կինոպրոդյուսերների դատին: Անիմացիոն ֆիլմի ավարտը նույնպես նախանշված է 2015 թվականին:

Տաթևիկ Գրիգորյան, ARMENPRESS.am