Լուրեր
նորություններ/news

Հայազգի ռեժիսոր Արա Առուշի «Որսորդ» ֆիլմը կներկայացվի Մանհեթնի Միջազգային կինոփառատոնի ժամանակ

Հայազգի ռեժիսոր Արա Առուշի «Որսորդ» ֆիլմը կներկայացվի Մանհեթնի Միջազգային կինոփառատոնի ժամանակ

Հայազգի ռեժիսոր Արա Առուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի  Մանհեթնի Միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն անցկացվելու է փետրվարի 28–ից մարտի 2–ը, երեքշաբթի հաղորդել է ֆիլմի ռեժիսորը ԵՊՀ–ում ֆիլմի ցուցադրությունից առաջ։

Կինոփառատոնի շրջանակում ֆիլմը ներկայացվելու է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը կցուցադրվի ՄԱԿ–ի կինոսրահում։ Մանհեթնի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար պայքարել են ամբողջ աշխարհից 130 երիտասարդ ռեժիսորներ, որոնց ֆիլմերից ընտրվել են 12–ը։

Ֆիլմը պատմում է  պատերազմի հերոս և արբեցող Նելսոնի մասին, ով ապրում է խուլ գյուղերից մեկում։ Նրա ընտանիքի (կնոջն ու նորածին որդու) միակ կերակրողը կովն է, որին սպանում է սոված գայլը։ Հարուստ եղբոր մոտ փոխելով իր մեդալները երեք փամփուշտով` որսորդը որոշում է ձեռք բերել երեք գայլ մաշկ և մեկ եղջերու, որոնց դիմաց եղբայրը խոստանում է նրան տալ նոր կով։ Նելսոնն այդ երեք փամփուշտով գնում է անտառ որսի…

Ֆիլմի սցենարի հեղինակը Արա Առուշն է, բեմադրիչ օպերատորը` Վազգեն Մուրադյանը, կոմպոզիտորը` Եվգենի Միլովանովը։ Ֆիլմում գլխավոր դերակատարներն են Արմեն Գրիգորյանը, Աննա Առուշն ու Էդվարդ Շահնազարյանը։ Ֆիլմում հերոսները շփվում են չափածո ոճում։

Ավելի վաղ «Որսորդ» ֆիլմը ներկայացվել է Կանի միջազգային 66–րդ կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում (Short Film Corner)։ Ֆիլմի հայկական պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 10–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Առուշը (Առուշանյան) ծնվել է 1974 թ.–ին Ստեփանակերտում։ 1999 թ.–ից նկարահանել է տեսահոլովակներ, հիմնադրել է Digidez Studio և KenigArts Pictures ընկերությունները։

Բացի Կաննի կինոփառատոնից, «Որսորդ» ֆիլմը ներկայացվել է նաև Մումբայի Ջագրան կինոփառատոնում և Մերիլենդի «Ֆրեդերիկ» կինոփառատոնում, իսկ գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Լավագույն» դերասան անվանակարգում Իսպանիայի Բոլոնյան 39–րդ կինոփառատոնի շրջանակներում։

ar.newsarmenia.ru