Լուրեր
նորություններ/news

Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» և Օրհան Փամուկի «Իմ անունն է Կարմիր» գրքերն առաջին անգամ հայերեն կհրատարակվեն 2014 թ.–ին

Իտալացի հայտնի գրող Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» (Il nome della Rosa, 1980) լեգենդար վեպը, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկի «Իմ անունն է Կարմիր»  (Benim adım Kırmızı, 1998) վեպն առաջին անգամ հայերեն կհրատարակվեն 2014 թվականին, հայտնեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Ըստ նրա, թարգմանություններն իրականացվել են բնագրերից, և, ի տարբերություն ռուսերեն թարգմանությունների, կլինեն լիարժեք, առանց կրճատումների։

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում էապես աճել է հետաքրքրությունն արտասահմանյան գրականության նկատմամբ, այդ պատճառով մենք նախաձեռնել ենք բազմաթիվ ստեղծագործությունների հրատարակություն, որոնք մինչ այդ անհասանելի են եղել հայերենով»,- երեքշաբթի Նիկողոսյանն ասաց լրագրողներին։

Ումբերտո Էկոն ժամանակակից խոշորագույն գրողներից է։ «Վարդի անունը» Էկոյի առաջին վեպն է, որը հրապարակվել է 1980 թվականին, հեղինակին համաշխարհային ճանաչում բերած առաջին ինտելեկտուալ վեպն է, որը գլխավորել է ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակը։

Օրհան Փամուկը թուրք ժամանակակից գրող է, մի քանի ազգային և միջազգային գրական մրցանակների, այդ թվում` գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (2006)։Ճանաչված է ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան հիսուն լեզուներով։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում քրդերի նկատմամբ խտրականության մասին իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը չի համընկնում թուրքական իշխանությունների կարծիքի հետ։

ar.newsarmenia.ru