Լուրեր
նորություններ/news

Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքների առաջին ցուցահանդեսն է բացվել Գերմանիայում

Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքների առաջին ցուցահանդեսն է բացվել Գերմանիայում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում փետրվարի 21–ին բացվել է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի և նրա որդու` Նարեկ Ավետիսյանի  աշխատանքների առաջին ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

Նկարիչների ցուցահանդեսը, որը բացվել է Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոյի աջակցությամբ, կտևի մինչև մայիսի 4–ը։ Ինչպես տեղեկացրել է Հարությունյանը, ցուցահանդեսին ներկայացված է Մինաս Ավետիսյանի ` հայկական թանգարանների և ընտանեկան հավաքածուների տարբեր շրջանների 19 աշխատանք, ինչպես նաև Նարեկ Ավետիսյանի 9 ինտերֆրակտալներ (2008-2010 թթ.)։

«Հայրն ու որդին` յուրաքանչյուրը սեփական արվեստի միջոցով ներկայացնում է հայկական գեղանկարչության զարգացումը սերունդները կապող երկխոսության տեսքով», –  ասել է հիմնադրամի նախագահը։

Նա նաև տեղեկացրել է, որ ցուցադրության կապակցությամբ հրատարակվել է ցուցահանդեսի ընդգրկուն, եռալեզու պատկերագիրքը (գերմաներեն, հայերեն և անգլերեն): Պատկերագրքում զետեղված է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիլհեմ Շլինկի արվեստաբանական հոդվածը, որն անդրադառնում է Մինաս Ավետիսյանի արվեստին, ինչպես նաև Նարեկ Ավետիսյանի բացառիկ և ընդգրկուն հարցազրույցը արվեստագիտության թեկնածու Մարի-Քրիստին Ֆրիտչի հետ:

ar.newsarmenia.ru