Լուրեր
նորություններ/news

Մարսելում սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի

Մարսելում սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մարսելում հայկական թեմական տաճարում մարտի 2-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988թ.-ին հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի եւ ծաղկեպսակների դրման արարողություն կանցկացվի: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie»-ն:

Պատարագից հետո ցանկացողները կարող են հարգանքի տուրք մատուցել հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով դաժանորեն սպանվել էր 2004թ.-ին ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից: Միջոցառումը տեղի կունենա Ղարաբաղի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:

Նշենք, որ 1988թ.-ի փետրվարի 27-29-ի ընթացքում Սումգայիթ քաղաքը հայ բնակչության զանգվածային սպանությունների թատերաբեմի վերածվեց: Տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները վիրավորվեցին:

Հիշեցնենք նաեւ, որ 2004թ.-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում նաեւ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանն ու նրա մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր սենյակը եւ կացնահարել քնած Գուրգեն Մարգարյանին: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանին:

Բարեբախտաբար, փորձն անհաջող էր՝ սենյակի դուռը փակ էր: 2006թ. ապրիլի 13-ին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Չնայած հունգարական հասարակության բացասական վերաբերմունքին՝ 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am