Լուրեր
նորություններ/news

Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահագ Ռաշը եւ այլք՝ «Ժամանակ» ֆիլմի բարեգործական համերգին

Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահագ Ռաշը եւ այլք՝ «Ժամանակ» ֆիլմի բարեգործական համերգին

Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նախօրեին հեղինակային երգի երեկո էր: Հեղինակ-կատարողներին մեկ տանիքի տակ էր հավաքել «Ժամանակ» ֆիլմի ստեղծագործական անձնակազմը՝ Arm TIME Production-ի կազմակերպած համերգի շրջանակում: Առիթը ֆիլմի սաունդթրեքի պրեմիերան էր, որի հեղինակն ու կատարողը Վահագ Ռաշն է: Խոսքերը բանաստեղծ Միսաք Մեծարենցինն են:

Ֆիլմի անձնակազմի կարգախոսն է՝ «Ֆիլմ զրո դրամով»: NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Ժամանակ» ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանն ասաց, որ ժապավենը դեռեւս մոնտաժային փուլում է: Ֆիլմում հայտնի դերասաններ չկան: «Ընտրել ենք հիմնականում Թատերական ինստիտուտի ուսանողների եւ թատրոնի դերասանների»,- նշեց նա:

Ըստ ռեժիսորի, բոլորն անվճար են խաղացել, անգամ տեխնիկան իրենց անվճար են տրամադրել:

«Ժամանակ»-ն Անդրանիկի առաջին աշխատանքն է: Նա մասնագիտությամբ դերասան է եւ, իր խոսքով, ամաչում է ասել, որ ռեժիսոր է: «Ես ունեմ շատ-շատ լավ ռեժիսոր ընկերներ, որոնց մոտ ամաչում եմ ասել, որ ես ռեժիսոր եմ: Այս ֆիլմում ռեժիսոր կարող են լինել բոլորը, ովքեր աշխատել են ֆիլմի վրա, որովհետեւ բոլորն իրենց ներդրումը, գաղափարը, մտածելակերպը խաղարկեցին ֆիլմի մեջ»,- ընդգծեց Անդրանիկը:

Չցանկանալով բացել փակագծերը՝ երիտասարդ ռեժիսորը նշեց, որ ֆիլմն ապրելու մասին է. «Անգամ եթե գիտես, որ մահանալու ես, պիտի ապրես»:

Ի դեպ, ֆիլմի ստեղծագործական անձնակազմը կորուստ է ունեցել: Դերասաններից մեկը՝ Ջիվան Նիկոլյանը, մահացել է: Համերգը, որ կրում էր «Դու մեզ հետ ես» խորագիրը, նվիրված էր նրան: Համերգից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը:

Բարեգործական համերգին ելույթ ունեցան Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահագ Ռաշը, Վախթանգ Հարությունյանը, Նարեկ Գեւորգյանը եւ մի շարք երիտասարդ կատարողներ:

Շուշան Շատիկյան, NEWS.am STYLE