Դոնի Ռոստով քաղաքում տեղի կունենա «Ռուս-հայկական բարեկամության թանգարանի» բացումը, որը գործել է դեռ Խորհրդային միության տարիներին և լուծարվել 2007 թվականին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Խորհրդային միության ժամանակ թանգարանը գտնվում էր Սուրբ Խաչ վանքում, բայց երբ վանքը վերադարձվել է Հայ Առաքելական Եկեղեցուն և սկսել գործել իր ուղիղ նշանակությամբ, թանգարանը վերանվանվել է «Դոնի ժողովրդների թանգարանի»:
Ստեղծված իրավիճակը, բնականաբար, չէր բավարարում Ռոստովի մարզի հայ հասարակությանը և՝ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Դոնի Նոր Նախիջևանի քաղաքային հայ համայնքի» նախագահ Հարություն Սուրմալյանը, կատարված աշխատանքից հետո որոշված էր վերականգնեցնել նախկին «Ռուս-հայկական բարեկամության թանգարանը»՝ այն վերանվանելով «Դոնի հայերի պատմության և ազգագրության թանգարանի»: Թանգարանի բացումը, որի էքսպոզիցիայում կան ավելի քան 30 հազար հազվագյուտ ցուցանմուշներ, նախապես ծրագրվել էր անցկացնել նոյեմբերի 14-ին, այսինքն՝ այն օրը, երբ Եկատերինա կայսրուհու կողմից ստորագրվել է Ղրիմից հայերին Դոն տեղափոխելու հրամանը:
Սակայն, ինչպես մեզ հաղորդեց գավառագիտության մարզային թանգարանի տնօրեն Գալինա Կուլիկովան, տեխնիկական պատճառներով թանգարանի բացումը նոյեմբերի 14-ին տեղի չի ունենա և բացման արարողությունը հետաձգվում է: Մեզ հայտնի դարձավ նաև, որ թանգարանը կանվանվի ոչ թե նախկինում հայտարարված «Դոնի հայերի պատմության և ազգագրության թանգարան» անունով, այլ իր նախնական անունով՝ «Ռուս-հայկական բարեկամության թանգարան»: Նշենք նաև, որ գավառագիտության մարզային թանգարանի պաշտոնական կայքում թանգարանի բացման մասին որևէ տեղեկություն չկա, իսկ գործող էքսպոզիցիաների շարքում առաջվա պես նշվում է «Դոնի ժողովրդների թանգարանը»:
Այնուամենայնիվ, ինչպես մեզ հաղորդեցին «Դոնի Նոր-Նախիջևանի հայ համայնքում», թանգարանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 25-ի ժամը 16.00-ին հետևյալ հասցեում՝ ք. Դոնի Ռոստով, Սվոբոդի հրապարակ 2/23-րդ գիծ, շենք 14 (Ռոստովի Մարզային Ակադեմիական Երիտասարդական Թատրոնի դիմաց): Թանգարանի շենքի առաջ կկազմակերպվի թատերականացված ներկայացում: Հանդիսավոր բացմանը հրավիրված են Դոնի Ռոստով քաղաքի և Ռոստովի մարզի վարչության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից, Մոսկվայից և Ռուսաստանի այլ տարածաշրջաններից, պատվո քաղաքացիներ, մշակույթի, արվեստի և գիտության գործիչներ: