Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Росстат) հրապարակել է 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի վերջնական տվյալները: Ինչպես հաղորդում է РБК-ն, 8 տարում՝ 2002 թվականից Ռուսաստանի Դաշնության բնակիչությունը նվազել է 2,3 միլիոնով եւ կազմել 142 միլիոն 857 հազար մարդ:
Երկրի ամենամեծ ազգությունը մնում են ռուսները (111 միլիոն մարդ), սակայն 8 տարում նրանց թիվը կրճատվել է 4 միլիոնով: Փոխարենը աճում է կովկասյան ազգերի թիվը, որոնցից ամենամեծաթիվը չեչեններն են (1,43 միլիոն մարդ):
Հայերի թիվը Ռուսաստանում, մարդահամարի տվյալներով, կազմել է 1 միլիոն 182,4 հազար (Ռուսաստանի ընդհանուր բնակչության 0,86%): Թվաքանակով հայերը Ռուսաստանի 6-րդ ազգն են՝ ռուսներից, թաթարներից, բաշկիրներից, ուկրաինացիներից, չեչեններից եւ չուվաշներից հետո: Ռուսաստանաբնակ հայերի թիվը գրեթե կրկնակի գերազանցում է ադրբեջանցիներինը (603 հազար մարդ) եւ ավելի քան 7 անգամ վրացիներինը (157,8 հազար մարդ):
11,5 մլն բնակչություն ունեցող Մոսկվայում ապրում է 106,5 հազար հայ, 57,1 հազար ադրբեջանցի եւ 39 հազար վրացի: Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում հայերը թվով երկրորդ ազգությունն են ռուսներից հետո՝ կազմելով այդ երկրամասերի ընդհանուր բնակչության 5-6%-ը: Այսպես՝ Կրասնոդարի երկրամասում ապրում է 281,7 հազար, իսկ Ստովրոպոլի երկրամասում՝ 161,3 հազար հայ: Բոլոր դաշնային շրջաններից բնակչության աճ արձանագրվել է միայն Կենտրոնական շրջանում (38,4 մլն, աճը՝ 0,4 մլն) եւ Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանում (9,4 մլն, աճը՝ 0,5 մլն):
Կանանց թիվը ՌԴ-ում գերազանցում է տղամարդկանցինը 10,8 միլիոլնով: Բացի այդ, բնակչությունը շարունակում է ծերանալ. երկրի բնակչության միջին տարիքը կազմում է 39 տարեկան՝ նախկին 37,7-ի փոխարեն:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքները կհրապարակվեն 2012 թվականին: