Շուշանիկ Ասմարյանը աշխարհագրական գիտությունների թեկնածու է: 1999թ-ին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրական ֆակուլտետի գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոնը, իսկ այնուհետև 2003թ.-ին` Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2008թ.-ին` «Երևան քաղաքի տարածքի էկոլոգագեոմորֆոլոգիական գնահատում» թեմայով: 2000թ.-ին անցել է ստաժավորում` Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտում:
1998թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն). ղեկավարում է «Աշխարհագարական տեղեկատվական համակարգեր և հեռազննման տեխնոլոգիաներ» բաժանմունքը: ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Բնապահպանության և բնօգտագործման» ամբիոնում դասավանդում է «Լանդշաֆտային պլանավորում» և «Տարածական տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում» առարկան: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
...Պատերազմող նորանկախ Հայաստանի թիվ 11 միջնակարգ դպրոցում գործում էր փոքրիկ գիտակների ակումբ, որտեղ դասերից հետո վառարանի շուրջ հավաքվում էին «ինչուների քաղցով» տարված դպրոցական ընկերներ և երկխոսություն ծավալում. «Բուռն երկխոսության պատասխաններն այնուհետ ձեռագրում էինք դպրոցական «Կամերտոն» թերթ-հանդեսում, որի «տպաքանակը» խիստ սահմանափակ էր, իսկ թերթի յուրաքանչյուր համարը` անգին :)»:
Շուշանիկը փոքրուց սիրում էր «ինչու»-ներ և մեծացել է պատասխանները գտնելու պահանջով, որը սկզբում ծնողները, իսկ այնուհետև գրքերը և հեռուսատեսությունը սկսեցին մասամբ բավարարել։ Իսկ ստացվող պատասխանների նորովի մեկնաբանության նոր պահանջը նրան բերեց գիտության աշխարհ: Սիրում է բուն հետազոտության գործընթացը, իրեն գիտնական չի համարում. «Պարզապես` հետազոտող»:
Սիրում է երաժշտություն` նվագում է, շատ է ընթերցում. նախապատվությունը տալիս է գեղարվեստական, պատմական, գիտահանրամատչելի գրականությանը, թատերասեր է` դպրոցական տարիքից: Սիրում է ճանապարհորդել և, բարեբախտաբար, մասնագիտությունը և աշխատանքը ընձեռում են այդ հնարավորությունը: Ունի սիրած շատ ասույթներ. «Չթվարկեմ, այլ ասեմ, թե ինչ են դրանք ինձ ներշնչում. վստահել սեփական ուժերին, լինել հավասարակշռված և համառ, սովորել սպասել, ակնկալել առավելագույնը, չվհատվել անհաջողությունից և նորից փորձել, ի վերջո դառնալ սեփական կյանքի պատճառ, այլ ոչ` հետևանք»:
Կյանքի ամենաշրջադարձային պահերն է համարում առաջին հերթին` իր բալիկների ծնունդները. «Դրանից հետո սկսեցի նորովի արժևորել ժամանակը և գնահատել յուրաքանչյուր ձեռքբերում, հատկապես` մասնագիտական»:
- Շուշանիկ, ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին, ի՞նչ տպագրություններ, ինչպիսի՞ հաջողություններ ընդհանրապես։
- Իմ և ողջ խմբի գիտական հետազոտությունները ներառում են լանդշաֆտների անթրոպոգեն փոփոխությունների էկոլոգիական խնդիրները և վերջիններիս որակական և քանակական գնահատման մեթոդիկայի մշակումը` ժամանակակից աշխարհագրական տեղեկատվական և հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ:
Տիեզերական բազմասպեկտրալ և հիպերսպեկտրալ նկարների վերծանմամբ փորձում ենք հիմնել բնատարածքային համալիրների անթրոպոգեն փոփոխությունների հեռազննման մոնիթորինգային համակարգ, ստեղծել տարածական տեղեկատվական ենթակառուցվածքներ և միջազգայնորեն ստանդարտավորված տարածական տեղեկատվական շտեմարաններ, որոնք հնարավորություն կտան հեշտությամբ ինտեգրվել համաեվրոպական երկրատեղեկատվական ենթակառուցվածքներին:
Հետազոտությունների արդյունքները բազմիցս զեկուցվել են բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովներում և սեմինարներում. մասնավորապես` «Շրջակա միջավայր և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ - EnviroINFO» ամենամյա միջազգային գիտաժողով` 2002 Վիեննա, Ավստրիա; ԱՏՀ և Հեռազննման տեխնոլոգիաների ամենամյա միջազգային գիտաժողով` 2010 Թբիլիսի, Վրաստան; Քարտեզագրական և տեղեկատվական տեխնոլոգիաների համաեվրոպական կոնգրես` 2009, Մյունխեն, Գերմանիա; Համաշխարհային աշխարհագրական կոնգրես` 2012, Քյոլն, Գերմանիա և այլն: Արդյունքում ստացվել են բազմաթիվ համագործակցության առաջարկներ, որոնց շրջանակներում ձևավորվել, մշակվել և կյանքի են կոչվել մի շարք միջազգային գիտական նախագծեր:
Բաժնի միջազգային համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ երկրներ` Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Շվեյցարիա, Իռլանդիա, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ռումինիա և այլն: Իսկ վերջին համաեվրոպական գիտական նախագծերի մասնավորապես FP7 EnviroGRIDs նախագծին ասոցացված անդամակցության շնորհիվ (www.envirogrids.net) հնարավորություն ընձեռվեց կապ հաստատել ավելի քան 30 եվրոպական գիտական կենտրոնների և համալսարանների հետ: Արդյունքում Շվեյցարիայում` Ժնևի Համալսարանի Շրջակա միջավայրի հետազոտությունների ինստիտուտի, Իռլանդիայում` Դուբլինի Համալսարանի և ԱՄՆ Արևմտյան Վիջինիայի համալսարանի հետ արդեն մշակվել և արդեն հաջողությամբ իրականացվում են FP7 EcoArm2ERA (www.ecoarm2era.eu) և SNSF/SCOPES (2009-2012) "ARPEGEO" (www. arpegeo.sci.am) նախագծերը:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։
- Մեր խմբի հաջողության գրավականը համարում եմ նրանում առկա թիմային մտածելակերպը: Իսկ կազմակերպության սահմաններում այն հաջողությամբ ընդգրկում է ստորաբաժանումները, ինչն ըստ իս կարևոր է` որպես որջ կազմակերպության հետագա ստրատեգիական զարգացման ուժեղ դիրքորոշում:
Գաղտնիք չէ, որ այսօր նոր գիտական ձեռքբերումներն ակնկալվում են տարբեր ուղղությունների համադրման և միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացման արդյունքում: Դրա վառ օրինակ են հանդիսանում այսօր մեր Կենտրոնում գործող գիտական ստորաբաժանումների միջև համագործակցության արդյունք հանդիսացող գիտական նախագծերը և պայմանագրային աշխատանքները: Արդյունքում մշակվում են նորագույն մեթոդներ և տեխնոլոգիական մոտեցումներ, որոնք էլ հաջողությամբ կիրառվում են` որոշում կայացնող կազմակերպությունների կողմից առաջադրված խնդիրների լուծման ժամանակ:
Հաջողությամբ համագործակցում ենք ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և Ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Բարձր հաշվողական տեխնոլոգիաների լաբորատորիայի հետ իրականացնում ենք հայ-շվեյցարական համատեղ մշակված «ARPEGEO» միջազգային գիտական նախագիծը:
Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այս մոդելը միշտ չէ, որ հաջողությամբ է գործում այլ գիտական կազմակերպություններում:
- Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։
- Մասնակցել եմ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրերի և տնտեսական պայմանագրային աշխատանքների: Այժմ ղեկավարում եմ երկու գիտական նախագիծ, իսկ երրորդում հանդես եմ գալիս որպես հայաստանյան գիտական խմբերից մեկի ղեկավար`
ՀՀ ԳԿՆ Գիտության պետական կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների աջակցության ծրագիր – 2010» ծրագրի շրջանակներում` «Քաջարան քաղաքի ծանր մետաղներով աղտոտման հեռազննման մեթոդների մշակում» նախագիծ (2011-2013)` նախագծի ղեկավար
Եվրամիության 7-րդ շրջանակային ծրագրով ֆինանսավորվող FP7 EcoArm2ERA (www.ecoarm2era.eu) նախագիծ (2011-2014)` նախագծի կոորդինատոր-ղեկավար
Շվեյցարիայի Գիտության ազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող "ARPEGEO" (www. arpegeo.sci.am) նախագիծ (2011-2013)` նախագծի հայաստանյան խմբի ղեկավար:
Ստացված դրամաշնորհների շնորհիվ հնարավոր եղավ տեխնիկապես վերազինել «ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների» բաժինը, արտերկրից ժամանած մասնագետների հետ համատեղ իրականացնել չափումներ և արդյունքների համատեղ մշակում: Հաջողությամբ իրականացվում է կադրերի վերապատրաստում արտերկրում:
- Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է կազմում Ձեր անձնական ներդրումը։
- Տպագրված աշխատանքներում համահեղինակների թիվը կարող է խիստ տատանվել (2-7), իսկ անձնական ներդրման աստիճանը կախված է առաջադրված խնդրի բնույթից և ծավալից:
- Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները՝ հասարակության կողմից գիտությունը չկարևորե՞լը, արժեհամակարգի խեղո՞ւմը անկախության տարիներին, համապատասխան պետական օղակների վատ աշխատա՞նքը, թե՞ այլ։
- Նշված բոլոր գործոնների գումարային ազդեցությունն է. գիտելիքի և գիտության առևտրայնացման և շուկայական հարաբերությունների հաստատման տարերային բնույթը ստեղծեց կատարյալ քաոս: Գիտության խորհրդային դպրոցը պատրաստ չէր այդ փոփոխություններին. սերնդափոխությունը էապես դանդաղեց, եթե չասենք, որ մի շարք ուղղություններում անգամ կանգ առավ: Սոցիալական ճգնաժամը էապես նոսրացրեց երիտասարդ գիտնականների շարքերը` նպաստելով գիտնականների արտագաղթին:
Եթե անգամ գիտելիքը դիտարկվում է` որպես շուկայական «ապրանք», ապա որակական աճի համար անհրաժեշտ է առողջ մրցակցություն, որը բացակայում է անգամ հանրապետության տնտեսական դաշտում: Երիտասարդ սերունդը, որն արագ փոխվում է միջին սերնդի, ինքնուս է, իսկ կրթության մեկնած երիտասարդները հիմնականում չեն վերադառնում: Մնացածն արդեն` դոմինոյի օրենքով...
Առաջին հերթին պետք է պետական հովանավորչություն, որն առայժմ միայն «բարի ցանկություն» է:
Աշխարհով սփռված հայ գիտական մտքի կամրջելու ճանապարհով, միջազգային համագործակցության շնորհիվ դժվարությամբ, բայց դեռ հասանելի ենք դարձնում գիտության համար նախատեսված և աշխարհում առկա ֆինանսական միջոցները` վերազինելու համար գիտական լաբորատորիաները, ներդնելու նորագույն տեխնոլոգիաներ, որպեսզի ստացվի միջազգային ստանդարտներին համապատասխան գիտական «ապրանք»: Բայց այստեղ ի հայտ են գալիս նոր, գիտության աշխարհի ներկայացուցչին խորթ դժվարություններ կապված տարբեր գերատեսչություններին բնորոշ բյուրոկրատական քաշքշուկների և վազվզոցի հետ, որի արդյունքում, ներողություն, գիտությամբ զբաղվելու ժամանակ չի մնում։ :)
Կոպիտ է հնչում, բայց ավաղ շուկան է թելադրում: Եվ այդպես մինչև ե՞րբ….
- Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել պետական կառույցների և մասնավոր հիմնադրամների կողմից։
- Մրցանակներն անխոս կարևոր են, բայց, էապես փոփոխել իրավիճակը, չեն կարող: Ավելին, դրամաշնորհային ծրագրերին դիմելու, հաջողության դեպքում այդ աշխատանքները կոորդինացնելու համար արդեն բավականաչափ ժամանակ է պահանջվում, որից տուժում է հատկապես դրամաշնորհային ծրագրի ղեկավարի գիտական մասնաբաժինը ծրագրում: Այստեղ նորից հաջողության գրավականը կազմակերպված թիմային աշխատանքն է` աշխատանքի հստակ բաժանմամբ և ճիշտ կոորդինացիայով: Բայց նորից հարց. այդպես մինչև ե՞րբ... սա հարցի լուծում չէ...
- Սովորաբար մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս` որպես հիմք ընդունվում է կամ տպագրությունների քանակը կամ հղումների թիվը։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ չափանիշներով արժե անցկացնել մրցույթները հաջորդ տարիներին։
- Հաշվի առնելով գիտության խիստ «ինքնատիպ» վիճակը Հայաստանում, պետք է մշակել համալիր գործակից, որը պետք է արտացոլի գիտաշխատողի համալիր ներդրումը. այստեղ տպագրությունների քանակին զուգընթաց չափազանց կարևոր է գիտական արդյունքի նյութականացման աստիճանը, որն արտացոլվում է ներպետական և միջազգային տնտեսական պայմանագրերի քանակով, սա արդեն որակի գնահատման չափանիշ է և, ըստ իս, ստացված գիտական արդյունքների պիտանելիության գնահատման առավելագույն աստիճան:
- Իսկ եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակի՞ցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։ Տեխնիկապես, ինչպե՞ս կարելի է դա իրականացնել։
- Կրկնում եմ` մրցանակաբաշխություններում պետք է մշակել գիտական աշխատանքների արդյունավետության գործակից, որը տպագրությունների քանակին զուգահեռ ներառի նաև գիտական արդյունքների` տնտեսության մեջ ներդրման և շահագռգիռ կազմակերպություններին տարբեր ծառայությունների տեսքով մատուցման աստիճանը: Այսօր դեռ առավելությունը տրվում է տպագրությունների քանակին:
- Փորձարարները բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։
- Խնդիրն ավելի սուր է գիտության հիմնարար և կիրառական ուղղությունների միջև: Կիրառական ուղղության զարգացման ֆինանսավորման խնդիրն այսօր մասամբ լուծում են տարատեսակ ներպետական և միջազգային մրցույթները, սակայն գիտության հիմնարար ուղղությունը լուրջ պետական աջակցության կարիք ունի:
- Ո՞րն է այսօր երիտասարդ գիտնականի առջև ծառացած հիմնական խնդիրը։
- Սոցիալական անկայունությունը: Դրամաշնորհային ծրագրերը մշտական չեն...
- Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։
- Առկա խնդիրների բարձրաձայնմանը սոցցանցերում վերաբերվում եմ դրական: Միայն ամբիոններից չէ, որ պետք է դրանք բարձրաձայնվեն, բայց էական փոփոխությունների դժվար հանգեցնեն: Գիտությամբ զբաղվելն այսօր «թանկ հաճույք» է:
- Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ` մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
- Այո, աշխուժացում անշուշտ կա, ինչպես օրինակ ՀՀ ԳԿՆ ԳՊԿ կողմից միջազգային համագործակցության խթանման գործընթացը, դրա վկայությունն են տարբեր երկրների հետ համագործակցության համաձայնագրերը, որոնց շրջանակներում հայտարարված երկկողմ և եռակողմ գրանտային ծրագրերն ու մրցույթները հնարավորություն են ստեղծում «սայլը, թեև դանդաղ, բայց առաջ տանել»:
Կարծես թե սկսում է ձևավորվել պետական կառույցներին կից փորձագիտական ինստիտուտը, որտեղ ներգրավվում են գիտության տարբեր ուղղություններով մասնագետներ: Էկոկենտրոնն արդեն ներգրավված է այդ գործընթացում, ունի հաջողված փորձ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ պետական և ոչ պետական կառույցների հետ: Ուստի ցանկալի է ամրացնել, շարունակելի և օրինակելի դարձնել այն մյուս կառույցների համար` գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման լուրջ ակնկալիքով:
- Շատ է խոսվում այն մասին, որ կոռուպցիան ամենամեծ չարիքներից մեկն է մեզանում։ Որքա՞ն է դա տարածված գիտական աշխարհում։
- Բարեբախտաբար, ես չեմ առնչվել նման երևույթների, թեև չեմ բացառում դրանց գոյությունը մեզանում: Ես ինձ համարում եմ Հայաստանում պատերազմի ծանր տարիներին հիմնադրված եզակի գիտափորձարարական դպրոցի սան և բացառիկ ավանդույթների կրող, որը պարտավոր եմ փոխանցել մյուս սերունդներին:
- Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և արտասահմանում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
- 2000 թ.-ին ստաժավորվել եմ ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Աշխարհագրության Ինստիտուտում: Արտասահմանում աշխատանքային այլ փորձ չունեմ: Միջազգային համագործակցության շրջանակներում մասնագետների հետ փորձի փոխանակումը ցույց է տալիս նրանց աշխատանքի կազմակերպման գործում հստակությունը, օպերատիվությունը և աշխատանքի ճիշտ կոորդինացիան:
- Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։
- Իգական սեռի ներկայացուցիչների մասնակցությունը մեծապես խրախուսվում է միջազգային ծրագրերում: Ավելին, Եվրամիության շրջանակային ծրագրերում մատնանշվում է իգական սեռի ներկայացուցիչների ցանկալի գերակայությունը աշխատանքային խմբի կազմում, առավել ևս` կոնսորցիումի ղեկավար կազմում:
Հայաստանում կնոջ համար գիտական կարիերա անելու ճանապարհները փակ չեն, պարզապես պետք է աճպարարի հմտությամբ համատեղել ընտանեկան և մասնագիտական առօրյան։ :)
- Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին: Արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ ներդրնել այդ համակարգը Հայաստանում։
- Ըստ իս, Հայաստանում դեռևս լուրջ բարելավման կարիք ունեն մագիստրոսական և թեկնածուական կարգավիճակի համակարգերը, շատ բան պետք է հստակեցվի կրեդիտների ստացման հարցերում: Ներողություն, բայց Բուլոնյան կրթական համակարգը դեռ «մարսված չէ»:
- Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստա՞ն, թե՞ արտասահման…
- Ես սկզբունքորեն երկարաժամկետ ծրագրեր չեմ կազմում: Ես պարզապես ուզում եմ շարունակել այն գործը, որն այսօր հաջողությամբ իրականացնում եմ` ի նպաստ Հայաստանում գիտական դպրոցի պահպանման և զարգացման:
- Ի՞նչ մաղթեք երիտասարդ գիտական հանրությանն այս տարի։
- Հավատ եմ մաղթում և համառ աշխատանք: Հաջողությունը դժվարամատչելի է, բայց ո՛չ անիրական:
Մանե Հակոբյան