Հուլիսի 15-ին «Լաթար» համալիրում Վարդավառը, միմյանց ջրելով, ժպիտով ու ծիծաղով, պարերով ու խաղերով նշեցին Սփյուռքի տասնյակ համայնքներից ժամանած մեր հայրենակիցները՝ «Արի տուն», «Սփյուռք-Ամառային դպրոց» ծրագրերի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակիցները, հրավիրված սիրիահայ ընտանիքները, «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների անդամները։
Ամեն ինչ համաձայն ավանդույթի էր` ազգային-հայրենասիրական երգերով, ազգագրական պարերով և տոնի ամենասիրված ու սպասված խաղով։
Տոնին խորհուրդ ու ավանդութային շունչ էր հաղորդում նաև «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, որի վարակիչ պարը շուրջպարի էր հրավիրում բոլորին։
Տոնի անմիջական մասնակիցը դարձավ նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նախարարը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց գեղեցիկ տոնի կապակցությամբ. «Այս գեղեցիկ համալիրում այսօր հավաքվել են ՀՀ սփյուռքի նախարարության մի շարք ծրագրերի մասնակիցները, սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները, ովքեր հայրենիքը ճանաչոմ են նաև նմանատիպ գեղեցիկ տոների շնորհիվ։ Ուրախ եմ հայրենիքում, այս գեղեցիկ համալիրում տեսնել այսքան գեղեցիկ, ժպտուն դեմքեր»:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց «Լաթար» համալիրի տնօրեն Ռադիկ Վանունցին և նրան հանձնեց շնորհակալագիր և հուշանվեր։