Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի գեղարվեստական ղեկավար Արման Վարդանյանին և նրա կնոջը` պարախմբի գլխավոր պարուսույց Նաիրա Վարդանյանին: «Հայաստան» պարախումբը մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերին»:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նրանց հայապահպան գործունեությունը Սփյուռքում և մասնակցությունը Հայրենիքում տեղի ունեցող միջոցառումներին:
Ա.Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով Հայրենիքում ջերմ ընդունելության համար, նշեց, որ իրենք երեխաներին բացի պարից սովորեցնում են նաև հայոց լեզու և պարախմբի բոլոր մասնակիցները խոսում են հայերեն: Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի դեկտեմբերին լրանալու է իրենց պարախմբի հիմնադրման 15 ամյակը, իսկ հաջորդ տարի Լոս Անջելեսում պատրաստվում են տեղի հայկական պարախմբերի հետ համատեղ կազմակերպել Երևանի վերաբերյալ պարային բեմադրություն:
Հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած «Հայաստան» պարախմբի համերգին նախարար Հ.Հակոբյանը Ա.Վարդանյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով` ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար: