Հուլիսի 19-ին ԵՊՀ-ում կայացավ «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման և երիտասարդ առաջնորդների դասընթացների ամփոփմանը նվիրված միջոցառում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության 2011թ. նախաձեռնած ամենամեծ ծրագրերից մեկն այսօր արդեն իրականություն է դարձել: Ծրագիրը լինելու է մշտական և ԵՊՀ կամարների տակ հյուրընկալվելու են Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք պատրաստ են և ցանկանում են Սփյուռքում զբաղվել հայապահպանությամբ: Սփյուռքի հետ աշխատանքներում նախարարության ուշադրությունը առավել սևեռված է երիտասարդությանը, և նրանք այսօր պետք է դառնան Սփյուռքի գլխավոր հենասյուները և նպաստեն հայապահպանությանը: Շնորհակալություն հայտնելով մեր հայրենակիցներին ծրագրին մասնակցելու համար` նախարար Հ.Հակոբյանը հորդորեց նրանց իրենց կարողությունները առավել հայացած և ոգևորված ներդնել համայնքը ուժեղացնելու, զարգացնելու և այն Հայրենիքին առավել կապելու գործում:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանը և «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների համակարգող Կ.Աթայանը:
Այնուհետև նախարար Հ.Հակոբյանը «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր և նվերներ:
Միջոցառման ավարտին ներկաներին իրենց կատարումներով հիացրեց «Հայկազունք» ժողովրդա-գուսանական համույթը: