Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» հանդիսավոր փակումը:
«Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցներին օրհնության խոսք ուղղեց Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը:
Համերգային մասից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց երգչախմբերի ղեկավարներին` նշելով, որ նրանց ամենօրյա քրտաջան աշխատանքի շնորհիվ է, որ երիտասարդները Հայրենիքում հիանալի հանդես եկան, և ավելացրեց, որ յուրաքանչյուրը, երգելով երգչախմբում, նպաստում է ամբողջ աշխարհում հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:
Նախարարը նշեց, որ «Իմ Հայաստան» փառատոնը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնությունը: Նա երգչախմբերի անդամներին մաղթեց նոր նվաճումներ և տեղեկացրեց, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը լինելու է շարունակական:
Այնուհետև տիկին Հակոբյանը «Խմբերգային արվեստի օրերի» երգչախմբերին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ, նրանք էլ իրենց կողմից հուշանվերներ հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը: