Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հեսսենի հայ մշակութային միության նախագահ Լուսինե Վարդումյանին և փոխնախագահ Մհեր Բեգլարյանին:
Ամուսիններն արդեն 23 տարի է՝ ապրում և աշխատում են Գերմանիայում: Մհեր Բեգլարյանը 12 տարի եղել է մշակութային միության նախագահը, արդեն երկրորդ տարին է՝ նախագահ է ընտրվել կինը՝ Լուսինե Վարդումյանը:
Ամուսինները նախարարություն էին այցելել երեք աղջիկների՝ Աստղիկի, Արևիկի և Վանեի հետ: Երիտասարդ երաժիշտ Աստղիկ Բեգլարյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել:
Լուսինե Վարդումյանը նախարարին ներկայացրեց մշակութային միության կողմից կազմակերպվող ձեռնարկները, միջոցառումները, կարևորեց այն օժանդակությունը, որը Սփյուռքի նախարարությունը տրամադրում է Սփյուռքում գործող մշակութային միություններին, համայնքներին: Նա նախարարության ծրագրերից, առանձնացրեց «Արի տուն» ծրագիրը, որին պարբերաբար մասնակցում են գերմանաբնակ պատանիները:
Հեսսենի հայ մշակութային միության հրավերով և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2011 թվականի գարնանը «Արի տուն» ծրագրի փոխադարձ այցի շրջանակներում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք էին այցելել հայաստանցի 7 պատանիներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց նախարարության ծրագրերը, խոսեց ապրիլի 22-24-ը Երևանում կայանալիք «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայապահպանությունը Սփյուռքում, նշեց, որ յուրաքանչյուր հայ պետք է բարձր պահի հայի ու Հայաստանի պատիվը և փորձի օգնել, սատարել հայրենիքին: Նախարարը կարևորեց այցելությունները Հայաստան և հորդորեց ակտիվացնել համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Հանդիպման վերջում Մհեր Բեգլարյանը նշեց, որ Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է իր հոր՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական հուշ-երեկոն: Միության փոխնախագահը նշեց, որ հուշ-երեկոյի տոմսեր են տրամադրել Հայաստանում ապաստանած սիրիահայերին: