Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ` Ցեղասպանության հուշարձանի մոտ:
Այնուհետև Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը ծաղկեպսակ զետեղեց անմար կրակի մոտ:
Արորողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր: Պաշտոնական արարողության ավարտից հետո ՀՀ դեսպանը հարցազրույցներ տվեց սիրիական և օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներին:
Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ և գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում:
Նույն օրը դեսպան Փոլադյանը Դամասկոսի «Ալ-Զեյթունի» սրահում հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունը և նրա միջազգայնացման շուրջ» խորագրով դասախոսությամբ, որի ընթացքում, պատմական էքսկուրս կատարելով Ցեղասպանության հիմնական դրդապատճառների և Թուրքիայի կողմից իրականացված կոտորածների շուրջ, բանախոսը, մասնավորապես, կանգ առավ մեր օրերում թուրքական պետության ուրացման և ժխտման քաղաքականության և Ցեղասպանության խնդրի միջազգայնացման գործընթացի վրա: Բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության նահատակների հուշն ու ոգին վառ պահելու, ոգեկոչելու և պահանջատիրության խնդիրն աշխարհով մեկ հնչեցնելու ուղղությամբ հայկական գաղթօջախների հոգևոր և աշխարհիկ ղեկավարների, քաղաքական կուսակցությունների, կրթական, հասարակական, մշակութային, բարեսիրական և այլ կազմակերպությունների անգնահատելի և անուրանալի դերակատարությունը, դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունից սկսած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը թևակոխեց բոլորովին նոր և արդյունավետ ժամանակաշրջան՝ ձեռք բերելով քաղաքական և հասարակական մեծ նշանակություն:
Հայաստանի Հանրապետության առկայությամբ ցեղասպանության միջազգային ճանաչումը ստացավ նոր հնչեղություն: Հայոց պետություն սկզբից ևեթ տեր կանգնեց ցեղասպանության արհավիրքով անցած իր ժողովրդի ցավին, արդար դատին, ինչն ամբողջությամբ փոխեց իրավիճակն աշխարհում ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ասպարեզներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ