Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Հայաստանից ստացված հրավերը սովորական գործընթաց է եւ պետք չէ դրա վրա հատուկ սեւեռվել:
Թուրքական Beyazgundem կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով Հայաստանից ստացված հրավերի մասին հարցին, ասել է, թե Սեւծովյան տնտեսական համագործակցության երեւանյան ժողովին մասնակցելու հրավերը սովորական գործընթաց է:
Համագործակցության ժողովները տեղի են ունենում նախագահող երկրում: Այդ հանդիպմանը հրավիրվում են բոլոր անդամ երկրները: Անհրաժեշտ է, որ դրան ուշադրություն չդարձվի որպես հատուկ դեպք: Օրեր առաջ պարոն Ալիեւը Թուրքիայում էր, եւ ինչպես միշտ Ղարաբաղի խնդրի կարգավորման, Թուրքիա, Ադրբեջան եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցը լայնորեն քննարկեցինք: Մեկ վայրկյան առաջ գործընթացը արագացնելուն ուղղված քայլ անելը բոլորիս ցանկությունն է: Նախօրեին հանդիպեցին պարոն Սարգսյանը եւ Ալիեւը: Բանակցությունները շարունակվում են: Նույն օրը ես Քերրիի հետ մանրամասն խոսեցի թեմայի հետ կապված: Վաղն էլ վարչապետի հետ մեկնում ենք Մոսկվա, որտեղ Կովկասի հետ կապված խնդիրները մեր օրակարգում են լինելու: Մենք այս թեմաները պարոն Պուտինի հետ քննարկելու ենք:
Մեր ցանկությունն է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները լուծվեն եւ մեր րոպե առաջ խաղարար լուծումով Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն հաստատվի: Դրա համար ինչ քայլ պետք լինի, կանենք: Շարունակելով մեր շփումները, Թուրքիան ամեն տեսակ աջակցություն ցույց տալուն պատրաստ է,-ասել է Դավութօղլուն՝ նշելով, թե Հայաստանի հրավերը քննարկեն առաջիկայում եւ իրեն որոշման մասին կկիսվեն հասարակության հետ:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաստատել էր, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի կայանալիք նիստին հրավիրված են բոլոր մասնակիցները, այդ թվում` Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am