Սիդնեյում ու Մելբուրնում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող Ջասթին Մաքքարթիի մասնակցությամբ ծրագրված երկու միջոցառումները չեղյալ են համարվել: Որպես պատճառ նշվում են անընդունելի հայացքները: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի կայքը:
Մաքքարթին պետք է ելույթ ունենար Մելբուրնի համալսարանում ու Նոր Հարավային Ուելսի գեղարվեստի թանգարանում, սակայն երկու հաստատություններն էլ չեղյալ են համարել միջոցառումը, երբ տեղեկացել են Հայոց ցեղասպանության հանդեպ նրա հայացքների մասին:
Այնուամենայնիվ, Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի կայքի համաձայն, Ավստրալիայի խորհրդարանում նրա ելույթը կայացել է: Չնայած դրան, երկու պատգամավորներ՝ Ջոն Ալեքսանդրն ու Միշել Ռոուլանդը Ավստրալիային դաշնային խորհրդարանում դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ժխտողի ելույթին:
Մաքքարթին հանդես է եկել նոյեմբերի 21-ին, խորհրդարանի դահլիճներից մեկում, որին, հաղորդագրությունների համաձայն, ներկա է գտնվել «երկու կամ երեք քաղաքական գործիչ», այն բանից հետո, երբ Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն բոլոր սենատորներին ու պատգամավորներին նամակով հայտնել է Մաքքարթիի հայցքների մասին: Ներկա գտնվող քաղաքական գործիչների թվում էին Լորի Ֆերգյուսոնն ու Մեհմեթ Թիլեմը, ովքեր օգնել են կազմակերպել միջոցառումը:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, աշխարհում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մարդկանց թվում ամենահայտնի Ջասթին Մաքքարթին այս շաբաթ պետք է հանդես գար Կանբերայում Ավստրալիայի խորհրդարանում: Խորհրդարանի կոմիտեի սրահը պատվիրել էր խորհրդարանի շարքային անդամ Լորի Ֆերգյուսոնը՝ «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.-ին» անվամբ ելույթի համար: