Հայոց ցեղասպանության խնդիրը սերտորեն կապված է ՄԱԿ–ի` 1948 թվականին ընդունած ցեղասպանության հանցագործության նախազգուշացման և պատժի կոնվենցիայի հետ, հայտարարեց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը։
«Հավանաբար, սա այն սակավաթիվ կոնվենցիաներից է, որի ստեղծման, ընթացքի, արդիականացման և կիրառման մեջ մենք` հայերս, կենտրոնական տեղ ենք զբաղեցնում»,– ասաց Մանուկյանը ՄԱԿ–ի ԳՎ կողմից կոնվենցիայի 65-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է Լեհաստանում ծնված, ազգությամբ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմիկինի կողմից, ով Սողոմոն Թեհլերյանի (Թեհլերյանը 1921 թվականին Բեռլինում սպանել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ–փաշային և արդարացվել գերմանական դատարանի կողմից) նկատմամբ դատավարությունից հետո ցնցված էր Հայոց ցեղասպանությամբ և հարցադրում էր արել, թե ինչում մեկ մարդու սպանությունն ունի իրավաբանական սահմանում, իսկ ողջ մի ժողովրդինը` ոչ։
«Երբ 1946 թվականին նա առաջարկեց ՄԱԿ–ին ընդունել Կոնվենցիան, նա ուղեկից գրությունում նշեց` Ցեղասպանությունն այն է, ինչ արել են թուրքերը հայերի հետ, իսկ գերմանացիները` հրեաների»,– ավելացրեց Մանուկյանը։
Թանգարանի փոխտնօրենը նշեց, որ Հայաստանն անկախությունից անմիջապես հետո անցավ այդ Կոնվենցիայի կիրառման գործընթացին, և ՄԱԿ–ի Գերագույն վեհաժողովի գրեթե բոլոր նիստերում կարևորում էր այդ փաստաթուղթը, տարբեր բանաձևեր նախաձեռնում, մասնավորապես, 1998 թվականից, երբ Ցեղասպանության միջազգային ճանաչումը գերակա դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։
Մանուկյանը հիշեցրեց, որ 2013 թվականի մարտի 22–ին Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունեց «Ցեղասպանությունների կանխարգելման» բանաձևը։
«Այսինքն, ամեն բան վկայում է, որ Հայաստանը մեծ նախանձախնդրությամբ է վերաբերվում այդ հարցին, և մշտապես այդ կոնվենցիայի շրջանակում աշխատանք է տանում և փորձում է բարձրացնել կոնվենցիայի ամենօրյա կիրառումը»,– ավելացրեց նա։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Նովոստի–Արմենիա